«Ժողովուրդ» օրաթերթը հայաստանյան ներքին քաղաքական կյանքի, վերջին նշանակումների, առաջիկա խորհրդարանական ընտրությունների, ընդդիմության ձեւավորման անհրաժեշտության եւ այլ թեմաների շուրջ զրուցել է ռեժիսոր, «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանի հետ:
-Պարո՛ն Մաթեւոսյան, վերջին շրջանում բավական աղմկահարույց նշանակումներ եղան, օրինակ` ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ: Հանրության մի ստվար զանգված դեմ արտահայտվեց դրան` նշելով, որ նա ժամանակին ծառայել է նախկին ռեժիմին: Հանրությունը չողջունեց նաեւ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում Գեղամ Գեւորգյանի նշանակումը, քանի որ նրա անունը կապվում է պետական միջոցները փոշիացնելու դեպքերի հետ: Ի՞նչ եք կարծում, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դժգոհության այս ալիքի բարձրացումը բացասաբար կազդի՞ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա:
-Չեմ կարծում, քանի որ վարչապետի հանդեպ վստահությունը բավական մեծ է, որպեսզի դա հիասթափեցնող հանգամանք հանդիսանա: Ինքս Հունան Պողոսյանի նշանակումը չեմ հասկացել, վարչապետի բացատրությունից հետո էլ ինձ համար էական հարցականներ են մնացել: Չեմ կարող ասել` ինչու են հենց նրան մարզպետ նշանակել, ես պարզապես կցանկանայի, որ վրիպակներ հնարավորինս քիչ լինեին: Փաշինյանի նկատմամբ վստահությունը շատ մեծ է, գրեթե անվերապահ, եւ այդ վստահությունը պետք է պահել:
-Երեւանի քաղաքապետի ընտրությունն, ըստ էության, ստուգատեսի պես մի բան էր ներկայիս իշխանության համար: Երեւանցիները, Հայկ Մարությանին իրենց ձայնը տալով, վստահության քվե տվեցին հենց Նիկոլ Փաշինյանին: Ի՞նչ եք կարծում, խորհրդարանական ընտրություններին եւս նման մեծ հաջողություն հնարավոր կլինի՞ ապահովել, Փաշինյանի թիմին կհաջողվի՞ տոկոսային բարձր հարաբերակցությամբ հաղթանակ տանել:
-Միանգամայն վստահ եմ, որ այո: Այնպես, ինչպես Հայկ Մարությանը կարողացավ հաջողության հասնել, նույնը կանի Նիկոլ Փաշինյանը: Բայց սթափությունը չպետք է կորցնել, որովհետեւ նախկինում էլ մենք ունեցել ենք ջախջախիչ հաղթանակներ, իսկ մի քանի ամիս անց` տվյալ քաղաքական ուժի վարկանիշի կտրուկ անկում:
-Նիկոլ Փաշինյանն արդեն հրաժարական տվեց: Ի՞նչ սպասել: Վտանգներ տեսնու՞մ եք` չնայած քաղաքական ուժերի բոլոր երաշխիքներին առ այն, որ իրենք վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրելու:
-Ժողովուրդն արդեն ցույց է տվել, որ ցանկացած դեպքում շատ կարճ ժամանակում պատրաստ է հավաքվել եւ իր կամքը թելադրել: Մյուս կողմից կան որոշակի ռիսկեր, եւ դրանք ինձ էլ են անհանգստացնում: Ես հրաժարական տալու ռիսկին չէի գնա` իմանալով, թե դիմացս ինչ ուժեր են կանգնած… Պարզապես անկատար եւ շինծու սահմանադրության պարագայում այլ ելք չկա, քան այս ճանապարհով Ազգային ժողովը ցրելը:
-Հայաստանին ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի ձեւավորվի առողջ ընդդիմություն: Օրինակ` «Սասնա ծռեր» կուսակցությունը կարո՞ղ է հավակնել ուժեղ ընդդիմություն լինելուն:
-Առկա քաղաքական ուժերի շրջանում հզոր ընդդիմություն առայժմ չեմ տեսնում եւ ցավում եմ, քանի որ դրա անհրաժեշտությունն իսկապես կա: Հույսս դնում եմ մեծամասնության ձայնը ստացած ֆրակցիայի ներսում ընդդիմության ձեւավորման վրա: Դա կկանխի մի շարք սխալներ, կստեղծվի պոզիտիվ, սթափ, բայց լուրջ հակակշիռ: Իսկ ընդդիմադիր ուժի ձեւավորումը մի քանի տարվա խնդիր է: Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր»-ին, ապա այն համակիրների հսկայական բանակ դժվար թե ունենա, բայց կունենա կողմնակիցների կայուն թիվ: Ամեն դեպքում, հազիվ թե նրան հաջողվի էական հակակշիռ դառնալ դաշտում:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՆՎԵՐ` ՄԱՄՈՒԼԻՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում երեկ՝ հայմամուլի օրը, ուշագրավ հայտարարություն արեց: «Անբարեխիղճ լրատվամիջոցներ կան, որ Վանեցյան ազգանունը գրելու համար մեծ գումարներ էին վերցնում, վարկեր են փակել արդեն: Անկեղծ եմ ասում: Իմ մասին մի հոդված գրելու համար 3-4 մլն դրամ գումար են վերցնում: Ես դատի չեմ տալիս, որ չասեն ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներ կան»: Լրագրողի հարցին՝ ովքեր են պատվեր տվողները եւ կատարողները, Արթուր Վանեցյանն ասաց. «Ես անուններ չեմ տալու»: Մինչդեռ լավ կլիներ, որ ԱԱԾ տնօրենը անուններ ասեր լրատվական դաշտի վրա ցեխ չշպրտելու համար:
Վանեցյանը խոսեց նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ հարուցված եւս մեկ քրեական գործի մասին՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիման վրա: «Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված եւս մեկ քրեական գործ՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիմքով, որը վերաբերում էր իր ունեցվածքին: Այդ ունեցվածքի մասով քննությունը շարունակվում է: Եթե պարզվի, որ այդ ունեցվածքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հավատացեք` նա պատասխանատվություն կկրի, իսկ ինչ վերաբերում է «Երեւան» հիմնադրամին առնչվող քրեական գործին, ապա գումարները վճարելուց հետո Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից»,- նշեց նա:
«Երեւան» հիմնադրամի մասով Վանեցյանը հայտնեց, որ պետբյուջե է վերականգնվել 1 մլրդ դրամ, իսկ մնացած 810 մլն դրամը կվճարվի առաջիկայում. ««Երեւան» հիմնադրամի տնօրենն ընդունեց, որ հիմնադրամում եղել են բացթողումներ: Նա պարտավորություն է ստանձնել վերականգնել 1 մլրդ 810 մլն դրամ գումարը, այդ գումարից 1 մլրդ դրամն արդեն իսկ վերականգնվել է պետական բյուջե, իսկ 810 մլն դրամն էլ կվճարվի առաջիկայում»:
Նա եւս մեկ անգամ շեշտեց՝ հակված չէ «մարդկանց տանել-նստեցնել, լցնել բերդերը». «Եթե մարդը ֆինանսական չարաշահում է թույլ տվել եւ պատրաստ է գումարը վերականգնել, կարծում եմ՝ ավելի արդյունավետ է, որ այս գումարները վերականգնվեն պետբյուջե»:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի շենքում տեղակայված հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: ԱԱԾ աշխատակիցները Երեւանի քաղաքապետարանի շենքից դուրս են բերել փաստաթղթերով լի մի քանի սեւ տոպրակ, որոնք տեղափոխել են բեռնատար մեքենայով:
Դրանից հետո հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը: