Կաշառք ստանալու դեպք «Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի շրջանավարտներից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից առերևույթ կաշառք ստանալու մասին:

Նախաքննության ընթացքում ուսումնական հաստատության շրջանավարտներից մեկը ցուցմունք է տվել այն մասին, որ ուսանողական տարիներին դասախոսներից մեկին գումար է տվել ընթացիկ քննությունների ու ստուգարքների համար, իսկ ավարտական պետական քննությանը դրական գնահատական ստանալու համար իրենից գումար է պահանջել և ստացել իրենց ֆակուլտետի դեկանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով:

Գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն իրականացնելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս