Դեկտեմբերի 23-ին կկայանան ՀՖՖ գործադիր կոմիտեի եւ ՀՖՖ նախագահի ընտրությունները: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գործադիր կոմիտեի անդամի թեկնածու եւ «Վեստ Արմենիա» ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի հետ:
-Ինչպե՞ս կգնահատեք արդեն նախկին ֆեդերացիայի աշխատանքը: Ըստ Ձեզ` որտե՞ղ թերացան նրանք:
-Ֆեդերացիայի աշխատանքը գնահատելու համար պետք է կառույցի միջից լինես: Եղել են ե՛ւ ձեռքբերումներ, ե՛ւ բացթողումներ: Հուսանք, որ առաջիկայում կշտկվի ամեն ինչ, եւ այլեւս թերություններ չեն լինի:
-Ո՞ւմ եք տեսնում ՀՖՖ նախագահի աթոռին:
-Կհրաժարվեմ անուն նշելուց, բայց կասեմ, որ ես իմ նախապատվությունը տալիս եմ այն պրոֆեսիոնալին, ով, ըստ իս, մտածում է հայկական ֆուտբոլի մասին: Անուն ասել չեմ կարող, քանի որ իրավունք չունեմ: Ժողովը կընտրի նախագահին, այդ մասով ոչինչ ասել չեմ կարող:
-ՀՖՖ գործկոմի անդամ ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր գործունեությունը: Կա՞ն ծրագրեր, որոնք ընտրվելու դեպքում փորձելու եք իրականացնել: Եթե այո, հնարավորության սահմաններում կմանրամասնե՞ք:
-Իհարկե կան ծրագրեր, որոնք փորձելու ենք իրականացնել, սակայն չեմ ցանկանա բարձրաձայնել եւ բացել փակագծերը: Կասեմ, որ միայն ու միայն ծառայելու եմ հայկական ֆուտբոլին: Շիշտ խորհուրդներով, ճիշտ քննարկումներով փորձելու ենք հայկական ֆուտբոլը բարձրացնել նոր մակարդակի: Անձամբ ես ամեն ինչ անելու եմ, որ ուրիշների կողմից չլինի ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք, սակայն դա քիչ հավանական է, որովհետեւ այստեղ հավաքված են լինելու միայն ֆուտբոլային մարդիկ: Պետք է օգնենք միմյանց եւ կայացնենք ճիշտ որոշումներ:
-Ի՞նչ կասեք լեգիոներների լիմիտի մասին:
-Իհարկե լավ չեմ վերաբերվում լեգիոներների այսպիսի արտահոսքին: Ես ունեմ մի առաջարկ, որը կցանկանայի, որ դառնար նաեւ իրականություն: Գիտեմ, որ ՀՖՖ-ն էլ քննարկում է այդ հարցը: Մենք պետք է ստեղծենք մաքուր առաջին լիգա եւ մաքուր փոխարինող կազմերի լիգա: Այսինքն` այդ լեգիոներները եթե խաղան առաջին լիգայում, դա այդքան վնաս չի տա, որքան հիմա: Քանի որ հիմա Առաջին խմբում կա խնդիր Բարձրագույն խումբ դուրս գալու, ուղղակի հնարավոր չէ հավաքել բոլոր հայ ֆուտբոլիստներին: Իսկ երկու լիգա ունենալու դեպքում չենք բախվի այդ խնդրին:
-Առաջին խմբում կա 17 թիմ, սակայն, կարելի է ասել, որ մրցակցությունը շատ փոքր է: Ի՞նչ կասեք այդ մասին, այդ 17 թիմերը ավելի շատ նպաստում են հայկական ֆուտբոլի զարգացմա՞նը թե՞ հետընթացին:
-Իհարկե չեն նպաստում զարգացմանը: Թիմերն ինչքան հավասար են լինում, մրցակցությունը լինում է բարձր, սակայն եթե 2-3 թիմ զգալիորեն զիջում են մրցակիցներին, դա չի կարող գոհացնել եւ ոչ մեկի: Այդպիսի դեպքերում աճ չի լինում:
-Օրեր առաջ Հայաստանում տեղի ունեցավ մարզչական դասընթաց-սեմինար: Հայաստան էր ժամանել նաեւ աշխարհահռչակ Այտոր Կարանկան: Ի՞նչ տվեց այդ դասընթացը Ձեզ:
-2 օր տեւեց այդ սեմինարը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից եւ, մասնավորապես, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսից: Կարանկան եղել է նրա աշակերտը, եւ այդ 2 օրերի ընթացքում խոսվեց ֆուտբոլի հետ կապված ամեն ինչի մասին` թե՛ ֆուտզալի, թե՛ կանանց ֆուտբոլի, սպորտային բժշկության, մեդիայի ներկայացուցիչների հետ շփման եւ այլն: Շատ կարեւոր դասընթացներ էին, եւ կարող եմ ասել, որ նման սեմինարները որքան շատ լինեն, այնքան օգուտ կտան մեր մարզիչներին, որովհետեւ մարզիչներն են կրթում ֆուտբոլիստներին:
-1-2 հարց էլ Ձեր գլխավորած թիմից` «Վեստ Արմենիայից»: Առաջատարն եք Առաջին խմբում, ունեք միավորների լավ պաշար: Ի՞նչ եք կարծում, ներկայիս կազմով կարո՞ղ եք հաղթել Առաջին խմբում, թե՞ հարկավոր են տրանսֆերներ:
-Փոփոխություններ լինելու են: Կան մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր համալրելու են մեր կազմը: Մեզնից ներքեւ գտնվող թիմերն էլ ձգտում են առաջին տեղին, եւ մենք պետք է ուժեղացնենք մեր կազմը հաղթելու համար: Պետք է ունենանք այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կհամապատասխանեն Բարձրագույն խմբին:
Հիշեցնենք, որ «Վեստ Արմենիան» Հայաստանի առաջին խմբի առաջնությունում առաջատարն է` վաստակած 46 միավորով, եւ երկրորդ տեղում գտնվող «Վանից» առաջ է պոկվել 5 միավորով:
Զրուցեց Էդմոն Մարտիրոսյանը