ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է քրոջ ամուսնու հետ:
Այնուհետև պարզաբանումներ ստանալու նպատակով վերջիններս դուրս են եկել տանից, և յուրաքանչյուրն իր ավտոմեքենայով ուղևորվել է դեպի Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատան հարակից տարածք, որտեղ նրանց միջև խոսակցությունը կրկին վերածվել է վիճաբանության, որի ընթացքում տղամարդն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է իր քրոջ ամուսնու կրծքավանդակի աջ կողմի ստորին հատվածին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո նստելով իր՝ «Մերսեդես բենց C240» մակնիշի ավտոմեքենան, դեպքի վայրից դիմել է փախուստի:
2020թ. հունվարի 4 -ին որոշում է կայացվել՝ Երևանի բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:
2020թ. հունվարի 10-ին վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:
Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է: Միևնույն ժամանակ դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Նախաքննությունն ավարտվել է: