«Աշխարհի ձայնը չհասավ այդ մարդասպանների ականջին, մի հատ Գուժ Մանուկյանի ձա՞յնը պետք է հասնի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ Ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանը՝ անդրադառնալով Հայաստանում եւ Արցախում պատերազմական իրադրությանը։
«Էրդողանն ու Ալիեւը անաստված մարդիկ են, անգամ լեզուս չի պտտվում այդ հանցագործների անունները տալ, չեմ ուզում բերանս պղտորել դրանց անունները տալով եւ ոչ էլ ուզում եմ դրանց մասին լսել։ Միայն կարող եմ փառք եւ պատիվ ասել մեր զինվորներին, մեր սպաներին, որ կարողանում են 90 միլիոնանոց բնակչություն ունեցող երկու երկրներին մարտահրավեր նետել, կռվել 90 միլիոնի դեմ՝ չհաշված Իսրայելը, չհաշված վարձկանները, եւ այդ ամբողջի դեմ դուրս է եկել այս մի փոքրիկ երկիրը՝ Արցախը, եւ ինչ-որ տեղ նաեւ Հայաստանը։ Ինձ համար զարմանալի է այն փաստը, որ աշխարհի ոչ մի կողմից, ոչ մի ծայրից, չհաշված հայերին, վերաբերմունք չկա։ Ես խենթանում եմ մի բանի վրա. մի՞թե Էրդողանին կամ Ալիեւին սանձող միջոցներ չկան աշխարհում։ Ես սա չեմ հասկանում, չկա՞։ Արդեն երեք անգամ հրադադարի պայմանավորվածությունը խախտում է, ոտնատակ է տալիս, այսինքն՝ թքած ունեն ե՛ւ Պուտինի, ե՛ւ Թրամփի, ե՛ւ Մակրոնի վրա։ Այսինքն՝ այս մարդիկ Աստված չունեն, ես չգիտեմ, թե ինչի վրա է իրենց հույսը, որ ոչ մեկին հաշվի չեն առնում։ Ես զարմանում եմ, չկա՞ն սանձող տարբերականեր այս աշխարհում։ Թուրքիան գրեթե բոլոր երկրների հետ խնդիրներ ունի, թող միանան դրա հեր անիծեն, երկրից վերացնեն այդ երկու այլանդակություններին»,- ընդգծում է Գուժ Մանուկյանը եւ հավելում է, որ երբ անդրադառնում է թշնամուն, զայրույթից սկսում է սիրտը ցավել։
Մեր զրուցակցի խոսքով՝ ամբողջ օրը, հեռուստատեսութան առաջ նստած, հետեւում է տարբեր վերլուծաբանների, քաղաքագետների, բայց դեռ ոչ մեկը չի կարողանում պատասխանել այն հարցին, թե երբ կդադարի կրակը. «Պետք է մի Թեհլերյան լինի, դրանց գլուխը ուտեր, ճակատներին մի գնդակ արձակվեր, ղեկավարությունը փոխվեր, այդ ժամանակ գոնե մի բան ստացվեր, թե չէ անարխիստ են, երկու անարխիստներ ընկել են աշխարհի ջանը եւ չեն հասկանում, որ սրա վերջը կարող է դառնալ համաշխարհային պատերազմ»։
Ըստ նրա՝ Թուրքիայի ծրագիրը մեկն է. փորձում է Օսմանյան կայսրությունը վերականգնել՝ ոչնչացնելով հայերին, էթնիկ զտում իրականացնել, եւ նա անթաքույց դրա մասին բարձրաձայնում է։ Փորձում են ամբողջ Ասիան գրավել։
«Սիրտս ցավում է, որ տեսնում եմ, թե ինչպես են մեր սերունդները կորում, 18-20 տարեկան հերոս տղաները, որ իրենց կյանքը առանց մի վայրկյան վարանելու դրել են հայրենիքի պաշտպանության համար։ Ապրեն մեր տղաները, մայրական հալալ կաթ ծծող տղաները, եւ ես իրենց ծնողների դրության մեջ մտնում եմ, վերքս խորն է, շատ եմ ցավում»,- հուզմունքով իր խոսքը մեզ հետ զրույցում եզրափակում է մեծ դերասանը։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՁԵՐ ԳՐԱԾ ԲՈԼՈՐ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ԻՆՁ». ԴԵՐԱՍԱՆ ԱՐՄԱՆ ՍԻՄԻԿՅԱՆ
Երեւանի թիվ 155 դպրոցի աշակերտների նամակներն արդեն մեկ ամիս է՝ ուժ ու ոգեւորություն են պարգեւում մեր զինվորներին: «Վերջին ուսուցիչը» հեռուստանովելից հայտնի դերասան Արման Սիմիկյանը, որն այժմ գտնվում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ապաքինման փուլում, դիմելով զինվորներին նամակներ ուղարկած դպրոցականներին, հայտարարել է.
«Ձեր գրած բոլոր նամակները հասնում են ինձ ու իմ ընկերներին։ Անչափ շնորհակալություն ենք հայտնում բոլորս, քանի որ շատ ոգեւորող եւ ոգեշնչող նամակներ են մեզ գալիս»։
Այնուհետեւ կարդացել է դպրոցահասակ Վահեից իրեն հասած նամակից մի հատված. «Թանկագի՛ն զինվոր, կարծում եմ՝ թույլ կտաս քեզ եղբայր կոչել…»։
Դերասանը իր եւ իր զինակից ընկերների անունից խոստացել է, որ երեխաները կապրեն խաղաղ երկրում։
Նշենք, որ Արման Սիմիկյանը, որը նաեւ ժամկետային զինծառայող է, վիրավորվել է առաջնագծում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս։
«ԿՐԿԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ Է ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ». ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆ
«System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն անհանգստացած է Արցախում ծավալվող իրադարձություններով։ 53-ամյա երաժիշտը, որը վերջերս տված հարցազրույցի ընթացքում նշել էր՝ յուրաքանչյուր օր արթնանում է ու աղոթում է՝ տեսելու, որ ռումբերը լռել են, անդրադարձել է քաղաքացիական բնակչութան, հիվանդանոցի թիրախավորմանը։
Նա Twitter-ում վերահրապարակել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի գրառումն այն մասին, որ հակառակորդի կողմից վերջին հարվածները Ստեփանակերտին ուղղված են եղել Մոր եւ մանկան առողջության կենտրոնին եւ կենտրոնական շուկայի հարակից բնակելի տարածքներին, եւ որ երկու քաղաքացիական անձ ծանր վիրավոր է։
«Կրկին պատերազմական հանցագործություններ, որոնք տեղի են ունենում հիմա»,- գրել է երաժիշտը։
Թանկյանը մեկ այլ հրապարակմամբ կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ եւ ճանաչել Արցախը։
ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԳԵՂԵՑԻԿ ԳՈԼԻՆ
Հայաստանի ազգային հավաքականի եւ «Խիմկիի» հարձակվող Արշակ Կորյանն անդրադարձել է «Կրասնոդարի» դեմ խաղում խփած գեղեցիկ գոլին, որը ճանաչվել էր Ռուսաստանի առաջնության սեպտեմբերի լավագույն գոլ: ««Կրասնոդարի» դեմ փորձում էինք խաղալ արագ հակագրոհներով: Ես փորձեցի առաջ պոկվել, բայց տեսա, որ մրցակիցը խանգարում է, եւ որոշեցի խաղալ ռիթմի փոփոխությամբ: Ես փոքրիկ տեսադաշտ ունեի հարվածի համար, իսկ Կաբելան կողքս էր: Հետո դիտեցի կրկնապատկերը եւ տեսա, որ նրան կես վայրկյան չբավականացրեց, որպեսզի փակի ինձ, այդ պատճառով որոշեցի հարվածել: Ես հասկանում էի, որ մոտակա անկյունը փակում են, այդ պատճառով հարվածեցի հեռու անկյունը: Թե ինչ եղավ հետո, տեսան բոլորը: Ամեն բան եղավ բնազդաբար, ոչ մի պլան չկար: Արագ գրոհը չի ենթադրում կոմբինացիոն խաղ: Առաջ անցար, նայեցիր եւ ինքդ որոշում կայացրիր: Կարծում եմ՝ այստեղ կարեւոր է անհատական աշխատանքը: Պետք է շատ աշխատես ինքնուրույն, իսկ տեսանյութերով սովորելը բարդ է: Չեմ ասի, որ ինչ-որ մեկից օրինակ էի վերցնում: Մարզումներին այդպիսի հարվածներ հաճախ չեն ստացվում: Դա մասամբ հաջողություն է, մասամբ մարզվածություն: Դրա համար էլ աշխատում ենք, որպեսզի այդպիսի հարվածները ստացվեն: Մարզումներից հետո տղաներից շատերը մնում են, ես՝ նույնպես: Դարպասապահները նույնպես աշխատում են մեզ հետ: Անցկացնում ենք հարվածների շարք, թե ով ավելի շատ գոլ կխփի»,- Կորյանի խոսքը փոխանցում է «Խիմկիի» մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ հարձակվողը մասնակցել է 8 խաղի եւ դարձել 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նա «Խիմկիի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Լոնդոնի «Չելսիի» գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. այդ մասին ֆրանսիական «Ռենի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումից առաջ ասել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը: Հավերցն ինքնամեկուսացվել է: Նա գանգատներ չունի առողջական վիճակի վերաբերյալ: Հիշեցնենք, որ 21-ամյա գերմանացին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Լեւերկուզենի «Բայերից» է տեղափոխվել «Չելսի», որի կազմում մասնակցել է Անգլիայի առաջնության 7 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ: