Երեկ ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորության թեկնածուների կողմից մանդատներից հրաժարվելու գործընթացը։ Ըստ այդմ, ՔՊ-ից պատգամավորական մանդատից հրաժարվել է 17 անձ , իսկ «Հայաստան» դաշինքից՝ երեքը։ ՔՊ ցուցակից հրաժարվածները հիմնականում մարզպետներ են կամ այն անձինք, որոնք առաջիկայում պաշտոններ կստանան գործադիրում։ Ըստ այդմ, Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր, որոնց մեջ շատ են նորեկները՝ ոչ միայն ընդդիմադիր ուժերից, այլ նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ ՔՊ-ից այս անգամ խորհրդարան չեն գնա Լիլիթ Մակունցը, Արարատ Միրզոյանը եւ Հակոբ Սիմիդյանը։ Նարեկ Մկրտչյանն ու Արմեն Փամբուկյանն էլ կպահպանեն իրենց պաշտոնները։ Խորհրդարանի ՔՊ-ական նորեկներից են՝ Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, Գագիկ Մելքոնյան, Հակոբ Արշակյան, Էդուարդ Աղաջանյան, Վիգեն Խաչատրյան, Զարուհի Բաթոյան, Վիլեն Գաբրիելյան, Ալխաս Ղազարյան, Տրդատ Սարգսյան, Հասմիկ Հակոբյան։
«Հայաստան» դաշինքից պատգամավորական մանդատից հրաժարվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ դաշինքի անդամներ Ալեքսանդր Խաչատուրյանն ու Մարիաննա Եփրեմյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակից ոչ ոք չի հրաժարվել մանդատից, եւ առաջին 7 համարներ Արթուր Վանեցյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանը եւ Տիգրան Աբրահամյանը կվերցնեն իրենց մանդատները։
Հավելենք, որ վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրը. այն տեղի կունենա օգոստոսի երկուսին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանը ինչ նշանակվել է այդ պաշտոնին, որոշել է կառավարության ղեկն իր ձեռքը վերցնել: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ նախ Հարությունյանը սկսել է որոշել, թե ով կմնա իր պաշտոնին, ով կհեռանա կառավարությունից, դրան զուգահեռ նաեւ բերում է այն կադրերին, որոնց ցանկանում է նշանակել: Արայիկ Հարությունյանն իր համար ցանկալի անձանց ներկայացնում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, իսկ ոչ ցանկալիներին տեղավորում «սեւ ցուցակներում»: Հարությունյանը, կարելի է ասել, որդեգրել է նախկին աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի վարած քաղաքականությունը ու իր համար ոչ ցանկալի անձանցից արագորեն ազատվում է: Ավելին՝ նա անգամ տարբեր գերատեսչությունների է ներկայացնում նորանշանակ ղեկավարին, ինչպես որ եղավ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանի եւ ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ Արշակ Կարապետյանի դեպքում: Մենք տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանի այս պահվածքը արդեն հասցրել է առաջացնել նրանց թիմի անդամների զայրութը, ու, ըստ նրանց, առաջիկայում ավելի է լարվելու ներքին իրավիճակը:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է հրաժարական տվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Մեր տեղեկություններով՝ Պն-ում վերջինիս հեռանալը բավականին տարօրինակ ու զարմանալի են ընդունել, քանի որ վերջին ամիսներին, շաբաթներին Վաղարշակ Հարությունյանի մտերիմները երբ հարցրել են, թե կա խոսակցություն, որ նրան ազատելու են եւ փոխարինեն Կարապետյանով, վերջինս պնդել է, թե անիմաստ խոսակցություններ են, եւ նման բան չկա: Ու մինչ նրա մտերիմները զարմացած են ու դեռ չունեն կարեւոր հարցի պատասխանը, թե ինչու նրան ազատեցին, ՊՆ-ում այլ խոսակցություններ են պտտվում: Մասնավորպես, Վաղարշակ Հարությունյանի ազատումը, կարծում են, պատահական չէ, քանի որ իշխանությունները Արշակ Կարապետյանին պատահական չէին ուղարկել ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, այլ նախապես՝ ընտրություններից առաջ, հստակ որոշված է եղել, որ երբ ընտրութունները հաջող ավարտվեն, Արշակ Կարապետյանը նշանակվելու է պաշտպանության նախարար: Լուրեր կան, թե Վաղարշակ Հարությունյանի գործունեութայն մասով այնքան բան են հասցրել ՀՀ վարչապետին, պնդել, որ նա չի կարողանում կառավարել, չի դիմակայում տարածաշրջանի մարտահրավերներին, որ իշխանությւններն էլ որոշել են նրան փոխել: Ասել է թե՝ Վաղարշակ Հարությունյանի «տակը ՊՆ-ում փորել են», ու բանը հասել է ազատմանը: Ստեղծված իրավիճակի շուրջ փորձեցինք զրուցել Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն նա ողջ օրվա ընթացքում այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին ու նամակներին։
Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալները նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոզի մսի արտադրության ծավալները 3.4 տոկոսով նվազել են: Բայց, սրան զուգահեռ, խոզի մսի գինն է բարձրացել՝ հասնելով 3700-3800 դրամի: Օրինակ՝ խոզի «չալաղաջի» մեկ կիլոգրամը գերազանցում է 4500 դրամը, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 3200 դրամ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարի քիչ քանակությամբ խոզ է ներմուծվել ՀՀ, քան 2019-ին: ՊԵԿ-ի տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանը ներկրել է 129 հատ խոզ, իսկ 2019-ին ՝ 605: Մասնագետների խոսքերով՝ հենց սա է պատճառը, որ խոզի մսի արտադրության ծավալները նվազել են: Ըստ մասնագետների՝ առաջիկայում խոզի միսը կթանկանա: Փոխարենը ոչխարի մսի արտադրության ծավալներն են աճել. այս տարվա հունվար-մայիսին ոչխարի մսի արտադրության ծավալներն ավելացել են 5.1 տոկոսով: Բայց, չնայած սրան, ոչխարի միսը շարունակում է բարձր գնով վաճառվել. այն տեւական ժամանակ է, ինչ գերազանցում է 4000 դրամը: Նշենք, որ ոչխարի միս Հայաստանից հիմնականում արտահանվում է Իրանի Իսլամական Հանրապետություն: