Պաշտոնյաներից ովքեր են չորս ամիսների ընթացքում ամենաշատը գործուղման մեկնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 14-ը կառավարության անդամներից գործուղում է եղել 43 անգամ: ArmLur.am-ն ուսումնասիրել է, թե այդ չորս ամիսների ընթացքում ովքեր են ամենաշատ գործուղման մեկնած կառավարության անդամները:

Օրինակ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը գործուղման է մեկնել երկու անգամ: Մեկ անգամ նա հոկտեմբերի 25-27-ը մեկնել էր Սերբիա՝ մասնակցելու մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությանը: Որպես այցի արդյունք նշվում է, որ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Երեւանում անցկացնել Եվրոպայի առաջնության բացման արարողությունը: Սեպտեմբերի 24-ից 26-ն էլ նա եղել է Գերմանիայում եւ ներկա է գտնվել գեղասահքի միջազգային մրցաշարին: Որպես այցի արդյունք ներկայացված են հայ մարզիկների հաջողությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 7-ից 10-ը եւ սեպտեմբերի 23-ից 25-ը եղել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ մյուս անդամ երկրների ներգրավմամբ քննարկումներ կազմակերպել: Հաշվետվություններում մանրամասն ներկայացված են անցկացված հանդիպումների, սակայն արդյունքների մասին կոնկրետ տեղեկություններ առկա չեն:

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւս երկու անգամ է գործուղման մեկնել, մեկ անգամ ՌԴ, մյուս անգամ էլ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ: Դուբայում նա մասնակցել է համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական բացման: Հաշվետվության համաձայն պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ԱՄԷ սուպերմարկետների ցանցի ներկայացուցիչների այցելությունը Հայաստան: Իսկ Մոսկվայում նա մասնակցել է Եվրասիական երկրորդ համագումարին:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը եւս երկու անգամ է գործուղման մեկնել: Մեկ անգամ նա այցելել է Սանկտ-Պետերբուրգ, իսկ հաջորդ անգամ Ժնեւ: Նա մասնակցել է Առողջապահության  համաշխարհային  ասամբլեայի հատուկ նստաշրջանին: Հանդիպման արդյունքում առանցքայնորեն որոշվել է համավարակների պատրաստվածության և արձագանքի հարցերով ԱՀԿ կոնվենցիա, պայմանագիր կամ այլ միջազգային գործիք մշակելու նպատակով ստեղծել միջկառավարական բանակցային մարմին:

Ն.Հ.




Լրահոս