Դովեղում այսօր բռնության ենթարկված կինը ճանաչվել է տուժող, ձերբակալվել է նույն գյուղի 28-ամյա երիտասարդը. ՔԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Դովեղ բնակավայրի բնակչուհուց այսօր՝ ապրիլի 28-ին, գիշերը, ժամը 04:00-ի սահմաններում ստացած օտար անձի կողմից իր տուն ապօրինի մուտք գործելու, իր կամքին հակառակ, բռնության գործադրմամբ իր հետ սեռական հարաբերություն ունենալու, և ոսկյա, արծաթյա իրեր հափշտակելու վերաբերյալ հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի, 207-րդ հոդվածի 1-ին մասի և 253-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

Նախաքննության շրջանակներում կինը ճանաչվել է տուժող, նրա մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ, այդ թվում ստացվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է նույն բնակավայրի՝ 1995թ․ ծնված բնակիչը։

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են նշված իրերը։

Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվում են դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ ապրիլի 28-ին՝ Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ 55-ամյա կինը ոստիկաններին հայտնել էր, որ ժամը 04։00-ի սահմաններում անծանոթ տղամարդը մտել է իր տուն, իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, ապա ձեռքերով հարվածել իր մարմնի տարբեր մասերին և իրենից գողացել 1-ական ոսկյա և արծաթյա մատանիներ, 1 զույգ ոսկյա ականջօղեր, ապա հայերեն ասել, որ ինքը հայ չէ, ադրբեջանցի է, և որ կատարվածի մասին պետք է լռի ու աղմուկ չբարձրացնի, ապա դիմել է փախուստի։




Լրահոս