ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ԽԱԲԵԼ ԵՆ. ՄԱՍ 17

«Հայաստանը Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ բանակցություններ չի վարում, միջանցքի եւ դրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտված են». սրանք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խոսքերն են՝ ասված այս տարվա մարտի 22-ին խորհրդարանում։ Նրա հայտարարությունից մեկ ամիս անց ունենք մի իրավիճակ, երբ անցակետը տեղադրված է, եւ այդ պատճառով էլ ադրբեջանական կեղծ բնապահպանները դադարեցրել են ակցիան։ «Դրանք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Դրա շրջանակներում Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքի անխափան տեղաշարժը։ Այս ռեժիմն ու ձեռք բերված պայմանավորվածությունները վաղուց ամրագրված են»,- ասել էր Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Այսինքն՝ ստացվում է՝ հերթական անգամ ՀՀ իշխանությունների հայտարարություններն իրականություն չեն դառնում. նրանք ստում են։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, ներկայացրեց, թե ինչ է կատարվում այն գործով, որով անցնում է նաեւ ինքը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ  ապրիլի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի գործողությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված՝ խարդախության հատկանիշներով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Օսկանյանի որդին կալանքի տակ գտնվող գույքը վաճառել է, ինչի առիթով իրավապահներին հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, որտեղ էլ տրվել է Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի անունը: Ավելի ուշ ԻԻՀ քաղաքացի Փարվիզ Նոսրաթին մանրամասներ էր հայտնել՝ նշելով , որ ինքը հանդիսանում է Արա Վարդանի Օսկանյանի գործողություններից տուժած անձ, քանի որ հավատալով վերջինիս խոստումներին՝ նրան վճարել է 8 մլն 400 հազար ՀՀ դրամ կանխավճար (8.200.000 դրամը՝ փոխանցմամբ, 200.000 դրամը՝ առձեռն), որպեսզի պայմանավորված արժեքով վաճառի Բագրատունյաց փողոցի 67 հասցեի անշարժ գույքը, սակայն պարզվել է, որ այդ գույքի վրա մեծ գումարի պարտավորության համար արգելանք է դրված, եւ ի սկզբանե Արա Վարդանի Օսկանյանի համար ակնհայտ է եղել, որ արգելանքի պատճառով չի կարող վաճառել այն: Արա Օսկանյանի որդին մեզ հետ զրույցում ներկայացրեց այս իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը՝ մանրամասնելով, որ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես ներկայացվել է:
Նորընտիր մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առաջիկայում այց չի նախատեսում Արցախ: Այսպիսով, Արցախն արդեն 5 ամիս է՝ շրջափակման մեջ է. միայն երեկ հայտարարեցին, թե անցակետը դրել են, միջանցքը մտադիր են բացել: Դեռեւս 2020թ.-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել էր Հայաստանն Արցախին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, իսկ արդեն ապրիլի 12-ից ամբողջական շրջափակման է ենթարկել Արցախը՝ փակելով նաեւ Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը: Արցախում մարդու իրավունքների խախտումերի վերաբերյալ  բազմաթիվ  աղաղակող դեպքեր են արձանագրվել. արցախցիները թշնամու կողմից թե՛ հոգեբանական թե՛ ֆիզիկական ճնշումների են ենթարկվում մշտապես: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ՄԻՊ աշխատակազմ՝ հասկանալու՝ շրջափակումից ի վեր այցելել են արդյոք Արցախ կամ դիմել են Կարմիր խաչին այցը կազմակերպելու համար: ՄԻՊ աշխատակազմից մեզ տեղեկացրին, որ շրջափակումից հետո  Պաշտպանի աշխատակազմից այս ընթացքում չեն այցելել Արցախ, որպեսզի տեղում հասկանան, թե ինչ խնդիրների են բախվում արցախցիները: ՄԻՊ աշխատակազմից հետաքրքրվել   էինք նաեւ, թե երբ է արդյոք  պատրաստվում նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել Արցախ։ Մեզ աշխատակազմից տեղեկացրին, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Պաշտպանը կմեկնի Արցախ՝ մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակին ծանոթանալու եւ այդ բնագավառում առկա խնդիրներն արձանագրելու նպատակով: «Այցի հնարավորության հետ կապված հարցերն այժմ գտնվում են քննարկման փուլում»,-ասվում է Պաշտպանի աշխատակազմից մեզ տրված պատասխանում: Այսպիսով, պատասխանից պարզ է դառնում, որ Անահիտ Մանասյանը համենայնդեպս առաջիկայում այց չի նախատեսում Արցախ շրջափակմամբ պայմանավորված խոչընդոտների պատճառով: Հատկանշական է, որ, օրինակ, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակ ՄԻՊ-ի առջեւ փակ դռներ չկային. վերջինս  ցանկացած միջոց գտնում էր, որպեսզի այցելի ադրբեջանական ագրեսիայից տուժած բնակավայրեր, տեղում  արձանագրում էր, թե դրա հետեւանքով քաղաքացիներն ինչ խնդիրների են բախվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 58 միլիոն 585 հազար դրամի չափով գումար է նախատեսվում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին աշխատավարձ տալու համար։ Խոսքը 5 անդամների՝ 2023 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսների աշխատավարձերի մասին է: Նկատենք, որ 2022 թվականի ընթացքում հանձնաժողովի ողջ գործունեությունը սահմանափակվեց միայն քննարկումներ ու հանդիպումներ իրականացնելու ձեւաչափերով, այսինքն՝ հանգիստ ռեժիմով սահմանադրական բարեփոխումներով զբաղվող խումբը լուրջ աշխատավարձ է ստանում՝ ամսական գրեթե  400.000 դրամ։ Տեղեկացնենք, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը պետք է վարչապետի աշխատակազմ ներկայացվի մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ը։ Եթե 2022թ. մարտ-դեկտեմբեր ամիսների համար հատկացվել էր 31 միլիոն 480 հազար դրամ գումար, ապա այս տարվա՝ 2023թ. մարտ-դեկտեմբեր ամիսների համար նախատեսվում է 58 միլիոն 585 հազար դրամ, այսինքն՝ հանձնաժողովի անդամների աշխատավարձն էլ է բարձրացել:




Լրահոս