ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է 2023 թվականի հունիսի 13-14-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից:
Նիստին մասնակցում էին պատվիրակներ ԱՊՀ անդամ ութ երկրներից, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հետ աշխատանքի բազային կազմակերպության՝ Ռուսաստանյան տեխնոլոգիական համալսարանի և Միջազգային Դելփյան կոմիտեի ներկայացուցիչները։
Նիստին մասնակցելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ղեկավարած պատվիրակության կազմում Բիշքեկ էր մեկնել նաև նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը։
Նիստը հանդիսավորությամբ բացել են Ղրղզստանի կրթության, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ալթինբեկ Մակսուտովը և փոխվարչապետ Էդիլ Բայսալովը։ Նրանք կարևորել են ԱՊՀ շրջանակներում երիտասարդության ոլորտում համագործակցությունը։
Խորհրդի մասնակիցները ներկայացրել են երիտասարդության ոլորտում կատարած աշխատանքները, առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության 2021-2030 թվականների ռազմավարության 2021-2022 թթ. և 2023-2024 թթ. գործողությունների ծրագրերի շրջանակներում իրականացրած և ընթացքում գտնվող ծրագրերը։ Քննարկվել են ս.թ. հոկտեմբերի երրորդ տասնօրյակում Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները և ԱՊՀ տարածքում երիտասարդության ոլորտում համագործակցության զարգացման այլ հարցեր։
Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է 2021-2030 ռազմավարության շրջանակներում Հայաստանում իրականացված ծրագրերը՝ կարևորելով «100 գաղափար» նախագիծը, կամավորության զարգացմանն ուղղված քայլերը, ԱՊՀ անդամ պետություններում ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներին ՀՀ երիտասարդության ներկայացուցիչների մասնակցությունը, ինչպես նաև վերահաստատել է 2026 թվականին Կապանում՝ որպես ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու հանձնառությունը։
Խորհրդի ընդունած որոշումներով ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, իսկ խորհրդի նախագահությունը հերթական մեկ տարի ժամկետով Ղրղզստանից կփոխանցվի Բելառուսին։ Միաժամանակ Մինսկում կանցկացվի նաև «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է 7 գաղափար։
Նիստի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը ունեցել է նաև մի շարք երկկողմ հանդիպումներ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ, այդ թվում՝ հյուրընկալող երկրի՝ Ղրղզստանի կրթության, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Մարատ Տագաևի հետ, որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել երիտասարդական քաղաքականության ոլորտում հայաստանյան փորձի ներկայացման համար։