ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կա՞ մեր երկրում մի մարմին, որը վերահսկում է «Հայէլցանցեր»-ին, «Երեւան ջուր» ընկերությանը, հեռախոսային օպերատորներին, որպեսզի նրանք չխաբեն քաղաքացիներին: Այսինքն` ես ո՞նց պետք է իմանամ, որ ինձ չեն խաբում, եւ օրինակ` «Հայէլցանցեր»-ը հաշվիչների օգնությամբ շատ կիլովատ չեն գրում:  

Նարինե Միկոյան, 28 տարեկան, դեղագործ

ՊԱՏԱՍԽԱՆ. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է վերահսկում նշված կառույցները: Եթե քաղաքացին ունի անհանգստություն, եւ նախաձեռնությունն իրենն է, ապա իր հաշվին հաշվիչը կարող է տանել փորձաքննության, այսինքն` ծախսը քաղաքացին պետք է հոգա: Իսկ եթե հարցը նրան չի հասել, որ հաշվիչը տանի փորձաքննության` լաբորատորիա, ապա նա կարող է տվյալ ընկերությանը խնդրել, որ իրեն տրամադրեն մի քանի ամիսների էպիկրիզը, ինչու չէ, նաեւ տարվա կտրվածքով: Եւ եթե էլի հարցեր կմնան անպատասխան, ապա քաղաքացին կարող է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի անունով դիմում գրել, եւ  հանձնաժողովն անպայման ձեռնամուխ կլինի դրա քննությանը:

Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի մամուլի քարտուղար
Մարիամ Ստեփանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե հույսը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, ապա ամեն ինչ անիմաստ կարելի է համարել: Մի քանի տասնյակ աշխատակից ունեցող պետական այս կառույցը նույնիսկ ֆիզիկապես ի վիճակի չէ ավելի քան մեկ միլիոն գազասպառողի, լարային կամ անլար կապի բաժանորդի եւ վերջապես, էլեկտրաէներգիա սպառողների խաբվել-չխաբվելու խնդիրը կարգավորել: Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ հազվադեպ են նշված կառույցին նման խնդիրներով դիմում: Ու դա ոչ թե այն պատճառով, որ խնդիրներն են քիչ, այլ որ որեւէ հույս չունեն, թե խաբեության դեպքը կարող են բացահայտել, իսկ վնասը` փոխհատուցել: Ավելին, որքան էլ տարօրինակ լինի, եթե քաղաքացին սկզբունքայնություն դրսեւորի եւ հաշվիչը փորձաքննության տանի, ապա դեռ մի բան էլ ինքը պետք է վճարի: Հետաքրքիր է, այդ դեպքում ինչի՞ համար են նույն քաղաքացու վճարած հարկերի հաշվին գործող բազմաթիվ ստուգիչ ու վերստուգիչ պետական ատյանները:




Լրահոս