Փորձագետները զգուշացնում են, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը կարող է դառնալ առաջին ժամանակակից քաղաքը, որը լիովին կզրկվի ջրից։ Mercy Corps կազմակերպության զեկույցի համաձայն, վերջին տասնամյակում քաղաքի ստորգետնյա ջրերի մակարդակն ընկել է մինչև 30 մետրով՝ կլիմայական փոփոխությունների պատճառով։
Քաղաքի հորերի գրեթե կեսը, որոնք խմելու ջրի հիմնական աղբյուրն են բնակիչների համար, արդեն ցամաքել են։ Ջրի սպառումը տարեկան 44 միլիոն խորանարդ մետրով գերազանցում է բնական վերականգնման տեմպերը։
Եթե այս միտումները շարունակվեն, մինչև 2030 թվականը Քաբուլի բոլոր ջրային պաշարները կսպառվեն, ինչը կյանքի սպառնալիք է յոթ միլիոն բնակչության համար։
Զեկույցում նշվում է նաև ջրի աղտոտվածության խնդիրը։ Քաբուլի ստորգետնյա ջրերի մինչև 80%-ը համարվում է վտանգավոր՝ կոյուղաջրերի, աղի և մկնդեղի բարձր պարունակության պատճառով։
Ջրի հասանելիությունը դարձել է ամենօրյա մարտահրավեր քաղաքի բնակիչների համար։ Որոշ ընտանիքներ իրենց եկամտի մինչև 30%-ը ծախսում են ջրի վրա։
Մասնավոր ընկերությունները օգտվում են այդ իրավիճակից՝ նոր հորեր են փորում և հանրային ստորգետնյա ջրերը մեծ քանակություն արդյունահանում, այնուհետև դրանք բարձր գներով վաճառում քաղաքի բնակիչներին։
Փորձագետները կոչ են անում միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել այս ճգնաժամը հաղթահարելու համար, քանի որ ջրի բացակայությունը կարող է հանգեցնել զանգվածային միգրացիայի և նոր դժվարությունների աֆղան ժողովրդի համար։
Անի Վարդանյան

























































































