Armenian text to speach

ՔՊ-ական Ջուլիետա Ազարյանի ունեցվածքը․ ինչ է հայտարարագրել պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի ընտրական ցուցակից դուրս մնացած պատգամավորների շարքում է նաև ԱԺ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը։ ՔՊ վարչությունն արդեն վերջնական որոշում է կայացրել՝ չընդգրկել նրան նախընտրական ցուցակում, ինչի արդյունքում գործող խորհրդարանի ավարտով ավարտվում է նաև նրա պատգամավորական գործունեությունը։

Եկամուտների կտրուկ աճ՝ երեք տարում

Պաշտոնական հայտարարագրիրը ըստ տարիների․

2022 թվականին նրա հայտարարագրված տարեկան եկամուտը կազմել է ընդամենը 544 հազար դրամ։ Այդ ժամանակ նա ուներ շուրջ 1 մլն դրամ կանխիկ միջոց, Առինջ համայնքում գտնվող բնակարանի 1/2 բաժնեմաս և շուրջ 14 մլն դրամ հիպոտեկային պարտավորություն։

Արդեն 2023 թվականին նրա եկամուտները հասել են մոտ 7.9 մլն դրամի։ Նույն տարում նա ձեռք է բերել հողամաս Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, իսկ ֆինանսական միջոցները համալրվել են նաև դոլարային խնայողություններով։

2024 թվականին նրա հայտարարագրված եկամուտները գերազանցել են 8.7 մլն դրամը, իսկ գույքային ցանկում պահպանվել են երկու բնակարանային իրավունքներն ու հողամասը։

ԱԺ պատգամավորից՝ BYD-ի սեփականատեր

2025 թվականի հայտարարագիրը ցույց է տալիս, որ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակում Ջուլիետա Ազարյանի հիմնական եկամուտը կազմել է 12 մլն 253 հազար դրամ աշխատավարձ, որին ավելացել է ավելի քան 1 մլն դրամ եկամտային հարկի վերադարձը։ Ընդհանուր տարեկան եկամուտը հասել է 13 մլն 267 հազար դրամի։

Նույն տարում պատգամավորը ձեռք է բերել 2024 թվականի արտադրության BYD մակնիշի ավտոմեքենա՝ 7 մլն 900 հազար դրամ արժեքով։

Նրա գույքային ցանկում շարունակում են մնալ.

Փարաքար համայնքում գտնվող հողամասը,
Աբովյան քաղաքում գտնվող բնակարանի 1/2 բաժնեմասը։

Բանկային հաշիվներում առկա միջոցները տարվա վերջում կազմել են ավելի քան 4.6 մլն դրամ, կանխիկ միջոցները՝ 1.1 մլն դրամ և 8 հազար ԱՄՆ դոլար։

Գույքի աճին զուգահեռ՝ աճել են նաև պարտքերը

Սակայն գույքի և դրամական միջոցների ավելացման հետ մեկտեղ պահպանվել են նաև զգալի վարկային պարտավորությունները։ 2025 թվականի դրությամբ Ազարյանն ունեցել է.

13 մլն դրամից ավելի հիպոտեկային վարկ,
7.6 մլն դրամի չափով ևս մեկ վարկ։

Ընդհանուր վարկային բեռը կազմել է ավելի քան 20.6 մլն դրամ։

Այսպիսով, ՔՊ-ի ցուցակից դուրս մնացած պատգամավոր Ջուլիետա Ազարյանը խորհրդարանից հեռանում է անշարժ գույքով, նոր ձեռք բերված ավտոմեքենայով, միլիոնավոր դրամների խնայողություններով, բայց նաև ավելի քան 20 միլիոն դրամի վարկային պարտավորություններով։

Քաղաքական առումով նրա անունը չի հայտնվել 2026 թվականի ընտրական ցուցակում, ինչը փաստացի նշանակում է, որ գործող խորհրդարանի ավարտով ավարտվում է նաև նրա պատգամավորական կարիերայի այս փուլը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս