ArmLur.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) պաշտոնական կայքից տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի հունիսին պաշտոնական այցերի շրջանակում նվերներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազներից։ Նվերների ընդհանուր գնահատված արժեքը կազմել է 120 հազար դրամ։
ԿԿՀ կայքում հրապարակված նվերների հաշվառման երկու ձևաթղթերն էլ ներկայացվել են 2026 թվականի հուլիսի 7-ին։
Հրապարակված տվյալների համաձայն՝ առաջին նվերը Աննա Վարդապետյանին հանձնել է Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Աահը։ Նվերը Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազությունը խորհրդանշող հուշանվեր-մետաղադրամ է, որի գնահատված արժեքը կազմել է 60 հազար դրամ։
Երկրորդ նվերը գլխավոր դատախազին հանձնել է Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազ Արմինս Մեատեոսը։ Այն ներառում է Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազությունը խորհրդանշող հուշանվեր-մետաղադրամ, նկար և մետաղադրամների հավաքածու, որոնց գնահատված արժեքը նույնպես կազմել է 60 հազար դրամ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երկու նվերներն էլ դասակարգվել են որպես պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի և գործուղումների շրջանակում տրվող նվերներ կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրություն։
ԿԿՀ-ում հրապարակված ձևաթղթերի համաձայն՝ նվերները ստացվել են 2026 թվականի հունիսին, մասնավորապես՝ 2026 թվականի հունիսի 30-ին, «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» խորագրով միջազգային բարձրաստիճան համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած՝ Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Աստրիդ Աահի և Լատվիայի Հանրապետության գլխավոր դատախազ Արմինս Մեատեոսի գլխավորած պատվիրակությունների հետ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում։
Ձևաթղթերում նաև նշվում է, որ նվերների արժեքը բաց աղբյուրների միջոցով հնարավոր չի եղել պարզել, քանի որ դրանք վաճառքի ենթակա ապրանքներ չեն, ուստի ներկայացվել է դրանց ենթադրյալ արժեքը։
ArmLur.am-ը շարունակում է հետևել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակումներին և ներկայացնել պաշտոնատար անձանց նվերների հաշվառման ձևաթղթերում տեղ գտած տվյալները։
Ա․ Վարդանյան




























