ԱԻ նախարարը վարչապետի հանձնարարությամբ Լոռու մարզում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Լոռու մարզում էր:

Նախարարի առաջին կանգառը Լոռու մարզպետարանում էր, որտեղ մարզպետ Արթուր Նալբանդյանի և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների և լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն ու մամլո ասուլիս: Նախարարի այցի հիմնական պատճառը այս գիշեր Վանաձորում տեղի ունեցած երկրաշարժն էր, որը անտեղի խուճապ էր առաջացրել բնակչության շրջանում: Նախարարը ասուլիսի մասնակիցներին տեղեկացրեց, որ գիշերը ժամը 3-ի սահմաններում ԱԻՆ Սեյսմիկ ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանն իրեն զեկուցել է այն մասին, որ Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել երկրաշարժ`5 բալ ուժգնությամբ: Արմեն Երիցյանի բնորոշմամբ այսպիսի երկրաշարժեր միշտ էլ լինում են: Նախարարը հորդորեց չհավատալ ստահոդ լուրերի և անտեղի խուճապի չենթարկվել, քանի որ սեյսմիկ իրավիճակն ամեն վայրկյան գտնվում է ԱԻՆ Սեյսմիկ ծառայության հսկողության տակ:

Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ այսպիսի երկրաշարժեր տարածաշրջանում շատ են լինում, և դրանց պատճառով պետք չէ խուճապի մատնվել: Թույլ երկրաշարժերի միջոցով երկրակեղևը լիցքաթափվում է, և սեյսմիկ էներգիայի դուրս գալու շնորհիվ կանխվում են հնարավոր ավելի մեծ երկրաշարժերը: Այս պահին սեյսմիկ դիտացանցը որևէ այնպիսի շեղում չի արձանագրել, որը կհուշեր հնարավոր ուժեղ երկրաշարժի մասին:

Սուտ են բոլոր այն լուրերը, թե իբր սպասվում է հզոր երկրաշարժ: Պետք է հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին, որը տրամադրում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը ներկայացրեց 1988թ-ի երկրաշարժից հետո անցկացված դիտարկումների ամփոփ պատկերը և հավաստիացրեց, որ այսպիսի թույլ երկրաշարժեր այս ժամանակահատվածում բազմիցս եղել են ու կլինեն, և դա միանգամայն նորմալ է: Դրանք դեռևս 1988-ի երկրաշարժի օջախից մնացած հետցնցումներ են, որոնք գնալով մարում են: Նախարար Արմեն Երիցյանը պատասխանելով լրագրողների հարցերին նշեց, որ հիմա Գառնիի դիտարանը վերազինվում է, և արդեն այնտեղ ունենք աշխարհում եզակի դեֆորմոգրաֆներից մեկը, որը հետազոտությունների ավելի լայն դաշտ է ստեղծում:

Լոռու մարզպետարանից նախարարն ուղևորվեց ԱԻՆ Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքում գտնվող նորակառույց շենք: Այստեղ նախարարը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ միասին շրջեց շենքի բոլոր սենյակներում, եղավ Լոռու մարզի ՃԿԿ-ում և ծանոթացավ կատարված աշխատանքներին: Շենքում հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են, և այն շատ շուտով շահագործման կհանձնվի:

Այնուհետև Արմեն Երիցյանն եղավ Արագածոտնի մարզում, որտեղ նախարարին ներկայացրեցին այն տարածքը, ուր նախատեսվում է կառուցել ԱԻՆ Արագածոտնի մարզային վարչության նոր շենքը: Նախարարը շրջեց նշված տարածքում և համապատասխան հանձնարարականներ տվեց շինարարական աշխատանքների վերաբերյալ:




Լրահոս