2012թ. հունվարի 25-ին սամբո ըմբշամարտի խմբի գործունեության հետ կապված հակամարտության պատճառով, իր դիմումի համաձայն, հրաժարական տվեց Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղի միջնակարգ դպրոցի 28 տարվա տնօրեն Սամվել Ճաղարյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի` փետրվարի 1-ի որոշումով Սեւքարի դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել այդ դպրոցի ուսուցչուհի Մարուսյա Բալասանյանը, մինչեւ որ մրցույթով զբաղեցվի տնօրենի թափուր պաշտոնը: Սակայն դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Սեւքարի բնակիչները «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնեցին, որ գյուղի դպրոցի քիմիայի ուսուցչուհի Նաիրա Թանանյանն իրեն տնօրենի պաշտոնակատար նշանակելու պահանջով Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանին ուղղված դիմումի ներքո ստորագրություններ է հավաքում: Դպրոցում այդ կապակցությամբ լարվածություն է ծագել, ուսուցչուհիները հնարավորինս փորձում են խուսափել դիմումի տակ ստորագրելուց, մանկավարժական կոլեկտիվի 40 անդամներից մոտ 15-ն են ստորագրել: Տարածված խոսակցությունների համաձայն` Տավուշի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը խոստացել է Նաիրա Թանանյանին դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակել: Մեր տեղեկություններով` Նաիրա Թանանյանը բարձրագույն կրթություն չունի, ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի քոլեջը: Մինչդեռ հանրակրթության մասին օրենքով դպրոցի տնօրենը պետք է բարձրագույն կրթություն ունենա: Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Ա. Փաշինյանն ասաց, որ 5 օր առաջ մամուլում պետք է հայտարարություն տպագրված լիներ Սեւքարի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի մասին` ընդսմին չնշելով, թե որտեղ է տպագրվել այդ հայտարարությունը: Հավանական է, որ նման հայտարարություն չի տպագրվել:
Տավուշ