ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երեւանի մի շարք մանկապարտեզների երեխաների ծնողներ բողոք են հնչեցնում, որ խմբերում երեխաների թիվը գերազանցում է 35-ը: Նման գերծանրաբեռնվածությունն օրինաչա՞փ է, ըստ օրենքի՝ խմբում քանի՞ երեխա պետք է ընդգրկված լինի:

Քնար Պողոսյան, 27 տարեկան, տնային տնտեսուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Քնար Պողոսյանի հարցման՝ քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնից տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից 2007թ. մարտին հաստատված նորմատիվների համաձայն՝ մանկապարտեզի խմբերում երեխաների խտությունը սահմանված է 25-ից 30 հոգի: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նույն  թվականի հունվարի 26-ի հ. 29-Ն հրամանի 10-րդ կետով սահմանվում է՝ եթե «նախադպրոցական ուսումնական հաստատություններում տարիքային խմբերում երեխաների խտությունը գերազանցում է նախատեսված նորմատիվները մոտ երկու անգամ, հիմնադրի կողմից կարող է լրացուցիչ հատկացվել դաստիարակի մեկ հաստիքային եւ սանիտար-դայակի կամ դաստիարակի օգնականի 05 միավոր»:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության եւ հասարակայնության
հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ մեր մանկապարտեզների մեծ մասում երեխաների թիվը գերազանցում է նախատեսված սահմանաչափը: Առանց հետաքրքրվելու էլ պարզ է, որ անվճար դարձած մանկապարտեզները նոր խմբեր բացելու հնարավորություն չեն ունենա: Այսինքն՝ գերծանրաբեռնված խմբերում դաստիարակները հնարավորություն չեն ունենա հավուր պատշաճի երեխաների առօրյան կազմակերպելու, եւ որ ամենակարեւորն է, նրանց ուշադրության կենտրոնում պահելու համար:




Լրահոս