43-ամյա 20-շաբաթական հղի կնոջ ամուսինը նրա մահվան համար շատ է ցավում: Ամուսնու համար այդ մահը ոչ միայն անակնկալ է եղել, այլեւ անհասկանալի, քանի որ կինն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չի հիվանդացել:
Հիշեցնենք, որ Սպիտակի Ջրաշեն գյուղից 18-20 շաբաթական հղիությամբ, 4 երեխաների մայր 43-ամյա Հրածին Մալխասյանը հուլիսի 28-ին դիմել էր “Գրիգոր Նարեկացի” բժշկական կենտրոն, իսկ այնտեղից մահամերձ տեղափոխվել “Էրեբունի” բ/կ, որտեղ եւ կնքել էր իր մահկանացուն: Ըստ մամուլի տեղեկությունների` 43-ամյա կնոջ մոտ արյունահոսությունը սկսվել է հղիության ընդհատումից հետո, քանի որ նա 20 շաբաթական հղի է եղել: “Գրիգոր Նարեկացիե բ/կ-ից “Ժողովուրդ”-ին տեղեկացրին, որ կնոջ մոտ սկզբում ցավեր են եղել, որոնք թեթեւացնելուհամար վերջինս ինքնուրույն վիժել է, որից հետո էլ արյունահոսություն է սկսվել: Այդ պատճառով նրան անմիջապես վիրահատել են, բայց վիրահատությունից հետո ծանր վիճակում տեղափոխել են ,Էրեբունիե բ/կ, որտեղ եւս մեկ վիրահատություն են արել: Սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը:
Այս կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով` դեպքը ուսումնասիրելու եւ կազմակերպչական խնդիրների տեսանկյունից հանգամանքները պարզելու նպատակով: “Առողջապահության նախարարության կողմից մայրական մահացության սույն դեպքի պատճառների եւ մասնագիտական վարման հնարավոր սխալների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել գործի վարույթի ավարտից հետո”,- “Ժողովուրդ”-ին տեղեկացրին առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից: Իսկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, բժշկական փաստաթղթերն առգրավված են իրավապահ մարմինների կողմից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հրածինի ամուսինը` Շիրակ Ասատրյանը, մեզ հետ զրույցում անկեղծացավ` ասելով, որ կնոջ մահից հետո միայն դատարկություն է զգում եւ նրան շատ է կարոտում: “Դատարկություն, էն էլ ոնց: Աղջի՛կ ջան, ինքն էնքան լավն էր: Ինքը աշխատող, քրտնաջան, առողջ… Ախր նա ոչ մի անգամ դեղ չի խմել, ինչո՞ւ միանգամից փորձանքն էկավ ու իրան կպավ,-դողդոջուն ձայնով նկարագրեց կնոջը՝ տեղեկացնելով, որ Հրածինը երբեւէ չի տրտնջացել,-չենք էլ իմացել, որ հղիություն կա: Մինչեւ վերջին պահն էլ հողամասի գործերն անում էր, էլ ի՞նչ ցավ, ա՛յ քուրիկ ջան”: Ամուսինը 43-ամյա կնոջ մահվան համար ոչ ոքի չի մեղադրում. “Ո՞ւմ մեղադրեմ, աղջի՛կ ջան, ասա՛ իմանամ: Հակառակը` բժիշկը ցանկացե՞լ է, որ այդ մարդն էդ օրն ընկնի: Չի ցանկացել: Բայց ես ի՞նչ իմանամ, թե ինչ է եղել իրականում: Էս ի՞նչ առեղծված էր”:
Մինչեւ կնոջ մահն ընտանիքն ապրել է իր աշխատանքով` հողագործությամբ եւ անասնապահությամբ: “Իսկ հիմա չգիտեմ, թե ոնց ենք անելու: Իմ տան ամեն հարմարություններն իմ կնոջ հետ միասին եմ ստեղծել: Էրեխեքիս միասին ուսման ենք տվել, ոչ մեկը կողքից չի օգնել”,-ափսոսանքով նկատեց Շիրակը` լրացնելով, որ Հրածինը շատ ծրագրեր ուներ: Դրանցից մեկն էլ ,տղուն նշանելն էրե:
Նրա նկարագրմամբ՝ Հրածինը կռվարար չի եղել. ,Առավոտ արթնանում էր ու գոմ մտնում, հետո` հողամաս, թե այդքանը ոնց էր հասցնում… Հիմա հիշում եմ ու զարմանում: Ես էլ էի օգնում, բայց մեծ մասը մենակ էր անում: Սաղ մնաց անտեր, ցավդ տանեմ, ոնց որ տունս դրեցին ու վառեցին: Շատ ցավալի էե:
Ամուսնու խոսքերով՝ կատակներ շատ է արել եւ չէր սիրում, որ մարդիկ տխրում էին: “Նա մեր հարեւանի աղջիկն էր: Բանակից եկա, տեսա ու սիրահարվեցի: 9-րդ դասարանում էր սովորում”,-պատմեց Շիրակը՝ հառաչելով, որ իր սիրելին այլեւս չկա: Այնպես որ, դժվար թե Դերենիկ Դումանյանի ստեղծած հանձնաժողովի տված եզրակացությունը որեւէ բան փոխի Ասատրյանների ընտանիքում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ