Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել Արարատի մարզի Ջրաշեն գյուղի ջրամբարում նոյեմբերի 6-ին ժամը 17։30-ի սահմաններում գլխատված դի հայտնաբերման փաստի վերաբերյալ: Ինչպես հայտնեցին Ոստիկանությունից, նոյեմբերի 6-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի տարածքով անցնող “Արտաշատյան” ջրատարում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը ջրատարում հայտնաբերել է ինքնությունը չպարզված, առանց հագուստի (միայն վարտիքով), գլխատված, որովայնը երկայնքով կտրած, թիկունքի շրջանում բազմաթիվ ծակած-կտրած վերքերի հետքերով, ատլետիկ կազմվածքով միջին տարիքի տղամարդու դիակ:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են դատահետքաբանական և դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի ջրամբարում նոյեմբերի 6-ին ժամը 17։30-ի սահմաններում հայտնաբերվել է գլխատված դի։ Ջրաշեն գյուղ մեկնած Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի փրկարար վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարները, ջրամբարում հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի: