Հանրությանն է ներկայացվել «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի մրցութային երգի տեսահոլովակի թիզերը: Ինչպես տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, երգը կոչվում է LoveWave. այն ամբողջությամբ հիմնված է երգչուհու ներաշխարհի, խտացված ապրումների ու զգացմունքների վրա: Սիրո ալիքը մեկ վայրկյանում կարող է փոխել թե՛ մարդուն, թե՛ սեփական կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը` Love Wave-ը:
Երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանը եւ Սթեֆանի Քրաթչֆիլդը: Մարտի 2-ին երգը հանդիսատեսին կներկայացվի համանուն տեսահոլովակով, որը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ գերմանական “BLACKSHEEP Communications”-ի համատեղ արտադրանք է:
Տեսահոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է, ով սոց. ցանցերում մեծ մասսայականություն է վայելում: Նա համագործակցել է աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ, եղել դրանց գովազդային դեմքը: