ՍՊԱՆՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՂԲՈՐ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Ամուսինը դանակի 15 հարված էր հասցրել կնոջը եւ սպանել նրան: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ սպանված Նելլին աշխատում էր Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի եղբորը պատկանող հյուրանոցային համալիրում:
Ի՞նչն էր ստիպել 4 երեխաների հորը` Միխայելին, այս կերպ հաշվեհարդար տեսնել իր կնոջ` Նելլի Աղայանի հետ եւ դեպքից հետո ինքնակամ ներկայանալ ոստիկանության Մեղրու բաժին: Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց սպանված Նելլիի հարազատ քրոջ՝ Սիլվա Աղայանի հետ:
Ինչպես պատմեց մեր զրուցակիցը, իր քրոջ ընտանիքն ապրել է սոցիալապես շատ վատ պայմաններում, եւ Ագարակ քաղաքում բոլորին գումար են պարտք եղել. «Հազիվ քույրս աշխատանքի էր անցել: Աշխատում էր հյուրանոցում որպես խոհարար: Օրվա հաց էր վաստակում, որ ընտանիքը գոյատեւեր, որ իր երեխաներն ուրախ լինեին, բայց այդ ամենը նրա ամուսնուն` Միխայելին, դուր չէր գալիս, ու ամեն ինչ անում էր, որ Նելլին աշխատանքից դուրս գա»:
Ս. Աղայանի ներկայացմամբ՝ Միխայելը մի կողմից թասիբի նշույլներ էր առկայծում՝ կնոջն արգելելով աշխատել, բայց մյուս կողմից, տանը նստած, իր պահանջներն էր ներկայացնում: «Նա խմող չէր, բայց ամեն օր պահանջում էր, թե իմ ծխախո՛տը բեր, իմ խմելի՛քը բեր ու այդպես շարունակ: Բայց համ էլ ասում էր, թե դո՛ւրս արի աշխատանքից, թե չէ քեզ կսպանեմ, ու այդպես էլ արեց»,-նկարագրեց Սիլվան՝ շարունակելով պատմել սահմռկեցուցիչ մի պատմություն: Պարզվում է՝ տարիներ առաջ Միխայելը Նելլիին հղի վիճակում մի ամբողջ գիշեր կովերի հետ կապել է անասնագոմում, ու դա էլ դեռ քիչ է, մեկ անգամ էլ թոնրի մեջ է իջեցրել ու երկար պահել այնտեղ: Սակայն Նելլին՝ որպես տիպիկ հայկական ընտանիքի մայր, շարունակել է հնազանդվել ամուսնու կամակորություններին եւ ապրել նրա հետ` «հանուն երեխաների». «Միխայելը հաճախ գործի բերումով սար էր բարձրանում ու միգուցե այնտեղ անասուն է մորթել, եւ ինչպես անասուններին են մորթում, նույն կերպ նա վարվեց քրոջս հետ: Այդ գիշեր, երբ նա հարձակվել է Նելլիի վրա, քույրս օգնություն է կանչել, բայց մինչ մայրս ու հարեւանները մոտեցել են, Միխայելը նրա մարմնի վրա սաղ տեղ չի թողել. ամբողջը ծակված էր»:
Ըստ մեր զրուցակցի՝ դեպքից մի քանի որ առաջ Նելլին եւ Միխայելը վիճել են, եւ երբ հերթական անգամ Միխայելը սպառնացել է, թե կսպանի, Նելլին դիմել է Մեղրու ոստիկանություն եւ խնդրել օգնել իրեն՝ Միխայելին տանից դուրս հանելով. «Ոստիկանության ջանքերով Միխայելին կարողացել են հանել տանից, ու երկու օր էր, ինչ բաժանված էին, բայց քույրս, վախը սրտում, քնում էր: Փաստորեն, ճիշտ էլ անում էր»:
Սիլվան պատմեց, որ Միխայելն իր քրոջից բաժանվելուց հետո Ագարակում չի երեւացել, բայց նրա մայրն իմացել է, որ դեպքի օրն իր տղան Ագարակում է եղել: Անընդհատ զանգահարել է Նելլիին, որ տեղյակ պահի սպասվող վտանգի մասին. «Սակայն ոչ մի կերպ չի կարողացել գտնել քրոջս, ու այնպես ստացվեց, որ քույրս ուզում էր ամուսնուց բաժանվելուց հետո հանգիստ քնել գիշերը, հիմա հավերժ է քնելու»:
Մեզ հաջողվեց խոսել նաեւ Նելլիի ամենամտերիմ ընկերուհիներից մեկի՝ Արմինեի հետ, որը մատուցողուհի է աշխատում քաղաքապետի եղբոր հյուրանոցային համալիրում:
Ինչպես ներկայացրեց Արմինեն, դեպքից օրեր առաջ Միխայելը զայրացած եկել է հյուրանոցային համալիր եւ մեծ աղմուկ  բարձրացրել. «Նա  Նելլիին ասում էր, թե գնա՛ տուն, էրեխեքի՛ն նայի, թե չէ կսպանեմ: Նելլին մի քանի օր ինձ ասաց, թե Արմինե՛, արի՛ ինձ տար, մեր շենքի մուտքի մո՛տ հասցրու, նո՛ր գնա տուն: Ու անգամ դեպքի օրն ինձ խնդրեց, որ իր հետ գնամ տուն, բայց ես չէի կարող գնալ, քանի որ շատ գործ ունեի հյուրանոցում»:
Արմինեն ասաց, որ Միխայելի քույրը՝ Ուիլիանան, նույնպես աշխատում է հյուրանոցային համալիրում որպես հավաքարար եւ դեպքից հետո աշխատակիցներին ասել  է, թե առանց պատճառ ոչ ոքի չեն սպանում: Ի՞նչ պատճառի մասին է իմացել Միխայելի քույրը: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով զրուցեցինք նաեւ նրա հետ: «Ես մեղադրում եմ իմ եղբորը, որ նա այսպես վարվեց: Չգիտեմ, թե ինչը կարող էր լինել պատճառը: Ես երբեւէ չեմ խառնվել եղբորս ընտանեկան հարցերին: Նելլին շատ լավ հարս է եղել մեզ համար, եւ շատ ցավալի բան տեղի ունեցավ»,-ասաց նա՝ խուսափելով ասել իր իմացածը:
Հուսանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) հարուցված քրեական գործի շրջանակներում կպարզվի այս դաժան սպանության իրական դրդապատճառը:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ML հյուրանոցային համալիրը, որտեղ աշխատում էր Նելլին, պատկանում է Ագարակի քաղաքապետ Արտակ Զաքարյանի եղբորը: Զրուցեցինք նաեւ քաղաքապետի հետ: Նրա խոսքով` իր եղբոր հյուրանոցային համալիրը գործում է շուրջ 3 ամիս: «Այդ աղջիկը պարտաճանաչ աշխատող էր, իսկ նրա ամուսինը` Միխայելը,  նոր էր աշխատանքի անցել: Շատ ցավալի դեպք է տեղի ունեցել, ու կատարվածը զարմանալի էր բոլորի համար»,-ասաց քաղաքապետը՝ խուսափելով այլ հարցերի պատասխանելուց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս