ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԸ` ՀԱՑԱՏՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե քաղաքամայր Երեւանում ընդամենը երկու կինոթատրոն է գործում, ապա պետք է բնական թվա, որ հանրապետության մյուս քաղաքներում կարող է ընդհանրապես որեւէ կինոթատրոն չգործել: Որպեսզի մեր խոսքը մերկապարանոց չհնչի, բերենք Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքի օրինակը:
Այսօր Վանաձորում որպես կինոթատրոն ընկալվում է երեւի միայն նախկինում Քիմիագործների, իսկ այժմ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը: Բայց, ինչպես գրեթե բոլորն են նշում, այնտեղ շատ հազվադեպ է կինոնկար ցուցադրվում: Վանաձորում մինչեւ այսօր էլ կինո «Երեւան» բառակապակցությունը շատերի մոտ հաճելի հիշողություններ է արթնացնում: Հատկապես ամռանը, երբ հովեկներ էին գալիս հիմնականում Երեւանից ու Թիֆլիսից, քաղաքային այգում գտնվող կինոթատրոնի տոմս գտնելը դառնում էր խնդրահարույց: Ընդ որում, այդտեղ հազվադեպ էին հնդկական կինոնկար ցուցադրում, իսկ հնդկական ֆիլմի ցուցադրման կենտրոնը Դիմաց թաղամասում գտնվող «Գուգարք» կինոթատրոնն էր, որն այսօր չի գործում: Իհարկե, «Երեւան» կինոթատրոնի շենքն իր տեղում է, սակայն արդեն քանի տարի բոլորովին այլ նպատակի է ծառայում: «Ոչ միայն հացիվ» արտահայտությունը ոմանք հասկացել են ուղղակիորեն, բայց գործել են այդ տրամաբանությանը հակառակ, այսինքն` «միայն հացիվ»: Եվ հիմա այդ շենքից ամեն օր տարածվում է հացի անուշ բուրմունքը: Իհարկե, հաց թխելու համար կարելի էր նաեւ այլ շենք ընտրել, բայց ժամանակին մարզային հարկային տեսչության պետ Արմեն Սարուխանյանին հենց այդ շենքն էր գրավել, եւ հիմա այնտեղ գործում Է «Մատինյանի նշխար» ռոմանտիկ անվամբ հացատունը:
Քաղաքապետարանի ու մարզպետարանի վերեւի տարածքում տարիներ առաջ սկսվեցին նոր կինոթատրոնի շենքի կառուցման աշխատանքները… Սկսվեցին, բայց այդպես էլ ավարտին չհասան, եւ հիմա այդ շենքը հիմնականում որպես հանրային զուգարան է օգտագործվում: Ու չի բացառվում, որ մի օր այն կարող է պարզապես փլվել: Շատ տարիներ առաջ նաեւ «Լագեր» կոչվող թաղամասում կինոթատրոնի շենք կար, որի առջեւ կանգնեցված էր համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Իլյիչի հուշարձանը: Ի դեպ, ոմանք ասում էին, որ դա Լենինի` նրա կենդանության ժամանակ կառուցված առաջին հուշարձանն է…

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս