ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈ՞ՒՂԹ
Նախօրեին՝ Բաքվում Իլհամ Ալիեւի հետ հանդիպելուց հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ այցելել են Երեւան: Որպես տարածաշրջան կատարած այցի նպատակ՝ պաշտոնապես ներկայացվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպման շուրջ տարվող աշխատանքը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, այս անգամ համանախագահները «դատարկ ձեռքով» չեն ժամանել. նրանք Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին են ներկայացրել Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ նոր փաստաթուղթ:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱ՞ԼԸ
«Հայ ազգային կոնգրես»-ը երեկ հայտարարություն է տարածել անցած ուրբաթ օրը ՀԱԿ գրասենյակ ներխուժած, դանակով զինված քաղաքացուն ազատ արձակելու կապակցությամբ. «Իրենց իսկ բնորոշմամբ սպանության սպառնալիք կիրառած եւ խոստովանական բացատրություն տված անձը, ումից առգրավվել են նաեւ հանցագործության գործիք հանդիսացող դաշույնները, ազատ է արձակվել, եւ մինչ այս պահը օրենքի խախտմամբ քրեական գործ չի հարուցվել, եւ սպանության սպառնալիք տված անձը չի ձերբակալվել եւ չի կալանավորվել: Սա հիմք է տալիս մտածելու, որ տվյալ անձը վայելում է իշխանությունների հովանավորությունը…»: Ի դեպ, այս հայտարարությունից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ:
ԴՅՈՒՐԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ
ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը երեկ ներկայացրել է վիզաների դյուրացման համաձայնագրի հիմնական դրույթները: Նա նշել է, որ դյուրացված կարգով շենգենյան վիզա կստանան պետական պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, ԵՄ երկրներում մերձավոր բարեկամներ ունեցողները, ուսանողները, կրթական, ակադեմիական, մշակութային, գիտական, բուժման նպատակով Եվրամիություն այցելողները, լրագրողները, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները եւ այլք: Վիզան անվճար կլինի թոշակառուների, մինչեւ 12 տարեկան երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց ուղեկցողների, ուսանողների, հետբուհական կրթությամբ զբաղվող անձանց, լրագրողների եւ այլ խմբերի համար, իսկ մյուսները կվճարեն զգալի զեղչերով:
ԻՇԽԱՆԸ ԿՄՆԱ
Երեկ ԱԺ եկած Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը տեւական ժամանակ առանձնազրույց է ունեցել իր քավոր, ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ վերջինիս աշխատասենյակում: Թե ինչի շուրջ են զրուցել նրանք, հայտնի չէ: Սակայն, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Ի. Զաքարյանին արդեն հաջողվել է լուծել իր հետագա պաշտոնավարման հարցը: