ArmLur.am-ի տեղեկություններով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի կեղծ օգտատերերի դեմ դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչություն` պահանջելով նրանց պատասխանատվության ենթարկել թե´ կուսակցության, թե´ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մասին անձնական վիրավորանքներ հնչեցնելու համար:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը:
«Այո´, Դուք ճիշտ եք, մենք մեկ շաբաթ առաջ պաշտոնապես դիմել ենք ոստիկանապետին` Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի քանի կեղծ օգտատերերի անվան տակ հանդես եկող վիժվածքների պատասխանատվության ենթարկելու համար: Այսօր ես եւ պարոն Մելքումյանը հրավիրվել ենք ոստիկանության 6-րդ կամակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, որտեղ ես անձամբ գրել եմ բացատրությունը, տվել եմ հաղորդում եւ քրեական գործ է հարուցվելու»,-նշեց Զոհրաբյանը:
Վերջինս նաև նշեց` ժամանակն է, որ տարբեր կեղծանունների տակ թաքնված կեղծ օգտատերերը հասկանան, որ մարդկանց վիրավորել, վարկաբեկելը ի վերջո հանգեցնելու է քրեական պատասխանատվության:
«Ցանկացած նման դեպքում մենք հետևողական ենք լինելու, որպեսզի բացահայտվի կեղծ օգտատիրոջ անվան տակ թաքնված ստահակը: Ցանկացած նման դեպքում կրկին դիմելու ենք ոստիկանություն»,-հավելեց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:
Այս առնչությամբ ArmLur.am-ն զրուցեց նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ` հասկանալու ի՞նչ ընթացք է տրվելու ԲՀԿ-ի կողմից ներկայացված դիմումին: «Դիմումը ստացել ենք, իսկ մնացածն արդեն իրավապահների գործն է»,-ի պատասխան մեր հարցադրմանն ասաց Ահարոնյանը:
Արփինե Թովմասյան