ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մարտի 23-24-ը կայացած «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչի հետ:
Նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնակատարին շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ նշել է, որ ապրիլի վերջին կսկսվի Եվրոպական ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին Հայաստանի միանալու շուրջ Եվրոպական միության հանձնաժողովի և Հայաստանի միջև բանակցությունների առաջին փուլը: Հանձնակատար Վիոլետա Բուլչը դրական է գնահատել բանակցությունների սկիզբը և հաստատել, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի:
Քննարկելով հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ` առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային ոլորտի թվայնացման և ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրներին, ինչին մեծ կարևորություն է տալիս նաև Եվրոպական միությունը:
Հանդիպման ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը առաջարկել է Երևանում կազմակերպել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների համաժողով և հանձնակատար Վիոլետա Բուլչին հրավիրել է Հայաստան:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն