Ոստիկանությունն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի` խոշոր դրամական պարգևատրում է խոստանում Շամիրամում սպանությունների մեջ մեղադրվող Թելման Քալաշյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ տրամադրող անձին: Սովորաբար նման հայտարարարությունները ցույց են տալիս ոստիկանության անզորությունը, և տվյալ դեպքում նրանց հույսը քաղաքացիներն են:
Իսկ ո՞ր դեպքերում է ոստիկանությունը խոշոր դրամական պարգև խոստանում:
Տարիներ առաջ՝ 2009 թվականին, օրինակ, ոստիկանությունը խոշոր դրամական պարգև էր խոստացել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Մհերյանի սպանությունից հետո: Դեպքը կատարվել էր այդ տարվա փետրվարի 3-ին, երբ Երևանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի բնակարանի մուտքի մոտ հրազենից արձակված կրակոցներից սպանվել էր ոստիկանության գնդապետը:
2016 թվականի հունիսին էլ Ոստիկանությունը խոշոր դրամական պարգև էր խոստացել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից հետախուզվող Ասատուր Կարապետյանին գտնել օգնելու համար, ով ներկայանալով Վարդան անունով` որոշ դեպքերում նաև որպես ՀՀ ՊՆ աշխատակից, տարբեր զորամասերում ժամկետային զինվորական ծառայություն անցնող անձանց բուժման, այնուհետև՝ առողջական պատճառներով վաղաժամկետ զորացրման, տարեկետում ձեւակերպելու, զինծառայության պայմանների բարելավման, ինչպես նաեւ այլ պատրվակներով վերջիններիս հարազատներից պարբերաբար խաբեությամբ հափշտակել էր առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Իրավապահ մարմինները հանդես են եկել նաեւ հայտարարությամբ` խոստանալով դրամական պարգեւավճար, եթե քաղաքացիները օպերատիվ-քննչական խմբին կհայտնեն ինֆորմացիա, կատարված այնպիսի քրեական հանցագործությունների վերաբերյալ, ինչպիսիք են Տիգրան Նաղդալյանի, Վարդգես Պետրոսյանի, Վահրամ Խոռխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունները:
Դրանք, ըստ էության, բացահայտված չեն :