Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի մեկ այլ զինծառայողի:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով, դեկտեմբերի 11-ին ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակած կրակոցների հետեւանքով մարմնի տարբեր շրջաններում հրազենային մահացու վիրավորումներ է ստացել ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանը:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը հանդիսանում է նույն զորամասի ժամկետային զինծառայող՝ ծնված 1998թ., շարժառիթը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: