ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին էջում տպագրված «Մերսեդես»-ը շաբաթ` կեսօրին, կանգնած էր Աբովյան փողոցի ս.Կաթողիկե եկեղեցու դիմացի մայթին` կարաոկե-բարի կողքը: Ենթադրվում է, որ մեքենայի սեփականատերն այնքան հղփացած է, որ չի ազդվել, եւ օրենք են խախտել անգամ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն պատկանող «Մոսկվիչկա» խանութի ուղիղ հարեւանությամբ:Թանկարժեք մեքենան, որի առջեւի համարները չկային (միայն հետեւում փակցված էր 51 DD 100 համարանիշը), պարզապես կանգնել էր մայթի վրա: Այսինքն` ճանապարհային ոստիկանությունը առնվազն երկու առիթով պետք է տուգաներ մեքենայի վարորդին, բայց, բնականաբար, տարածքում տեսուչների «իզն ու թոզը չէր երեւում»: Նրանք ավելորդ գլխացավանքներից խուսափելու համար գերադասում են տաքսու վարորդի կամ մի խեղճուկրակի տուգանել, քան «գլուխ դնել» ոչ պատահական մարդկանց հետ: Երեւանի ճանապարհային ոստիկանապետ Արսեն Արշակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե մեքենայի համարները շարքային են` 60 հազար դրամանոց. «Այսինքն` աճուրդային էլ չի, որպեսզի իմանայինք` ով ա գնել»: Հարցին, թե քաղաքացին իրավունք ունի՞ ավտոմեքենայի դիմաց համարներ չունենալ, Արշակյանը պատասխանեց. «Նման իրավունք չկա, որ հետեւը համարները լինի, իսկ դիմացը` ոչ, դա նախատեսում ա տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, այսինքն` 100 հազար դրամ` առանց պետհամարանիշի մեքենա վարելը: Վաղը զանգե՛ք, ես տեսնեմ` ինչ կարող եմ պարզել, որովհետեւ ինձ թվում է` ծանոթ դեպք ա ինքը: Մերոնք կարողա արձանագրել են»:Իհարկե, կզանգահարենք եւ կհետեւենք, թե հրապարակումից հետո Արսեն Արշակյանն ինչ քայլեր կձեռնարկի իր ուսադիրների պատիվը բարձր պահելու համար: Իսկ մինչ այդ մեջբերենք Սերժ Սարգսյանի ելույթից մի հատված. «Իր արածի ու չարածի համար պատասխանատու է մեզնից յուրաքանչյուրը՝ յուրաքանչյուր հանրապետական: Պատասխանատու է ոչ միայն կուսակցության, այլեւ երկրի առջեւ: Ավելին, պատասխանատու է ոչ միայն սեփական վարքի, այլեւ իր ենթակաների, նաեւ իր ընտանիքի անդամների վարքի համար»:Բայց մեր տպագրած լուսանկարները Սերժ Սարգսյանի ասածների հետ մի տեսակ «չեն բռնում»: Նա ասում է, որ իրենք պատասխանատու են ոչ միայն կուսակցության, այլեւ երկրի առջեւ: Իսկ երկրում մոլեգնում է անպատժելիությունը: Օրը ցերեկով բոլորի աչքի առջեւ զզվելի տեսարաններ են բեմադրում «ոսկե երիտասարդները», որի առաջ աչք են փակում ոստիկանները: Հ.Գ. Այն բար-կարաոկեն, որտեղ հավաքվում, պարում եւ դուրս են գալիս ու կարճ թեւքերով ձմռան ցրտին փողոցում կանգնում երիտասարդները, պատկանում է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, նախկին նախարար Էդուարդ Մադաթյանին` Խուճուճ Էդոյին, որը մեզ հետ զրույցում ասաց, որ  վարձակալությամբ է տվել տարածքը:ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս