Իրավապահ համակարգը շարունակում է վեր հանել նախկինում տեղի ունեցած, ծածկադմփոց արված դեպքերի բացահայտումները: Այս անգամ գործը հասել է Սերժ Սարգսյանի մտերիմ «Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լեւոն Սարգսյանին, որի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հիշեցնենք, որ խոսքը այն Լեւոն Սարգսյանի մասին է, որն իր հավատարմությունը Սերժ Սարգսյանին ի ցույց դնելու նպատակով որդու անունը դրել էր Սերժ:
Նախ ամենասկզբից
Դեռեւս 2009 թվականին բացահայտվել էր, որ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի եւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի կողմից ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր: Արդյունքում վերոնշյալ անձանց թիրախում էր հայտնվել ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանը, որի առանձնատան վրա ավազակային հարձակում էին իրականացրել: Այս գործը հասել էր դատարան, եւ 2011թ. մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին 15 տարի ժամկետով ազատազրկման:
Սակայն Թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ փոխվեց: ԱԱԾ-ի իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ Լեւոն Սարգսյանը, ով լարված հարաբերություններ է ունեցել Արմեն Ավետիսյանի հետ: Ավազակային հարձակումից հետո Լեւոն Սարգսյանը գողոնից ընտրել եւ վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները: Վերը նշված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործով 2018 թվականի հոկտեմբերին իրականացվել են խուզարկություններ Լեւոն Սարգսյանին պատկանող առանձնատանը եւ բնակարանում, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք:
Նոր մեղադրյալը
Նշենք, որ Լեւոն Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մեղադրանք է առաջադրվել նաեւ Լեւոն Սարգսյանի ազգական Ս.Ղ-ին, վերջինս կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն:
Չնայած նախաքննական մարմինը հայտնում է, թե իրականացված լայնածավալ գործողությունների արդյունքում է բացահայտել, որ Արմեն Սարգսյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն «Ալրաղացի Լյովիկն» է, սակայն իրականում հայրենի իրավապահների համար այս ամենը բնավ էլ բացահայտում չէ: Այս ամենի մասին լավ էլ տեղեկացված են եղել նախկինում, սակայն հաշվի առնելով, թե ինչ հարաբերությունների մեջ է Սերժ Սարգսյանը Լեւոն Սարգսյանի հետ` համապատասխան հրահանգի արդյունքում Լեւոն Սարգսյանը դուրս է մնացել պատասխանատուների ցանկից:
Ալրաղացի Լյովիկը եւ Սերժ Սարգսյանը
Դեռեւս 2017 թվականին` մինչ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը հայտնվեց սնանկ ճանաչված հայտնիների շարքում: Նրան է պատկանում «Ախթամար» հյուրանոցային համալիրը, իսկ այդ համալիրի ներսում գործել է «Գոլդեն Փելես» խաղատունը: Ավելին` միայն 2017 թվականի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմկիտեն 8 դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ախթամար» ՓԲԸ-ի` պահանջելով, որ նախկին պատգամավորի ընկերությունից ընդհանուր գանձվի 63 միլիոն դրամ եւ ստիպեն նրան կատարել մաքսային պարտավորությունները:
Իսկ որտեղից սկսվեց նրա սնանկացման գործընթացը: Տարիներ առաջ Սերժ Սարգսյանը հորդորել էր Լեւոն Սարգսյանին ներդրում իրականացնել Հայաստանում: Նա էլ հիմնել էր «Ախթամար» հյուրանոցային համալիրը, դրա կազմում ստեղծել նաեւ «Գոլդեն Փելես» խաղատունը: Լեւոն Սարգսյանի մերձավորներից մեզ հայտնի դարձավ, որ նա «Գոլդեն Փելես» խաղատան դիլլերներին կասկածել է իր դեմ ծուղակ պատրաստելու մեջ: Իսկ ծուղակի էությունը եղել է այն, որ օրերից մի օր Լեւոն Սարգսյանի խաղատուն են այցելել արաբ շեյխեր, որոնք անհասկանալի հանգամանքներում խոշոր գումարներ են շահել. խոսքը, ոչ ավել, ոչ պակաս, 4 միլիոն դոլարի մասին է` 2 փուլով: Լեւոն Սարգսյանը ստիպված է եղել վճարել խաղատան պարտված գումարները:
Իսկ ինչո՞ւ է ստիպված եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արաբ շեյխերը, Հայաստանից գնալով, միջոցներ են ձեռնարկել: Նախ արտերկրի իրենց կապերն են գործի դրել եւ ի վերջո կարողացել են խնդրի լուծմանը ներքաշել նաեւ Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը: Լեւոն Սարգսյանն էլ, չունենալով այլ տարբերակ, ստիպված է եղել համակերպվել տեղի ունեցածի հետ եւ արաբ շեյխերին վճարել նրանց շահած գումարները:
Բայց որտեղի՞ց: Խնդրի լուծման նպատակով նա դարձյալ բարձրագույն իշխանության երաշխավորությամբ բանկերից խոշոր վարկեր է վերցրել, մարել արաբների պարտքերը եւ «ընկել վարկի տակ»: Արդյունքում սկսվել է նրա սնանկացման գործընթացը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա գրավադրել է իրեն պատկանող ողջ գույքը, որպեսզի կարողանա փրկել բիզնեսը, սակայն այդ փորձերն անցել են ապարդյուն, քանի որ նախկին պատգամավորին պատկանող գույքը անցել է բանկերի տիրապետման տակ: Երբեմնի օլիգարխի համարում ունեցող Լեւոն Սարգսյանն այսօր ընդամենը Երեւանում ունի մեկ սեփական բնակարան եւ վերջ: Նրա մտերիմները դեռես 2017 թվականին «Ժողովուրդ»-ին հայտնել էին, որ ապրում է Մոսկվայի արվարձաններից մեկում` իր ընկերոջ կողմից տրամադրած բնակարանում: Հիշեցնենք, որ սա այն Լեւոն Սարգսյանն է, որը իր հավատարմությունը Սերժ Սարգսյանին ի ցույց դնելու նպատակով որդու անունը դրել էր Սերժ, որպեսզի մի Սերժ Սարգսյան էլ տանը ունենար:
Քնար Մանուկյան