ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական նշանակության մի քանի խնդիրներով պայմանավորված ընդգծեց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի արագ և ամբողջ ծավալով գործարկման կարևորությունը:Վարչապետն օդանավակայանի նշանակության մասին հայտնեց հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի ընթացքում:
«Օդային փոխադրումները Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ ՀՀ-ն, ցավոք, իր անկախության առաջին օրերից կիսաշրջափակված իրավիճակում է, և այս պայմաններում օդային տրանսպորտը չափազանց կարևոր նշանակություն ունի: Այս ոլորտում արդեն իսկ կան գոհացուցիչ արդյունքներ, և մենք նայում ենք ապագային ու ձևավորել ենք ապագայի օրակարգը: Այդ օրակարգում շատ կարևոր է, որ մենք, ի վերջո, հնարավորինս արագ ամբողջ ծավալով գործարկենք Գյումրիի օդանավակայանը, որն իր հերթին կնպաստի մեկ այլ կարևոր խնդրի լուծմանը, դա ավիատոմսերի գների նվազումն է, որը շատ կարևոր է նաև Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ ոլորտի՝ տուրիզմի զարգացման համար: Այս հարցերում մենք, իհարկե, ակտիվորեն համագործակցելու ենք մեր գործընկերների հետ: Հաջորդ խնդիրն այն է, որ ՀՀ-ում, ցավոք, տեղական ավիափոխադրողների գործունեությունն ու ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին կցանկանայինք, ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին, և սա մեզ համար համագործակցության հաջորդ ուղղությունը պետք է լինի, որ կարողանանք ստեղծել այնպիսի պայմաններ, որ կարողանանք ապահովել հայկական ավիափոխադրողի կամ ավիափոխադրողների ի հայտ գալն ու նրանց մրցունակությունը»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետը ոլորտի զարգացման գործում ընդգծեց Էռնեկյան ընտանիքի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության անգնահատելի գործունեությունը:
«Հայաստանում շատ բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը, և կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործունեությունը ՀՀ-ում ունեցել է, և ունի շրջադարձային նշանակություն: Առաջինը՝ ասվեց արդեն, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանի կառավարումը ստանձնել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը, և միանշանակ է ու աներկբա, որ այս ընկերության գալով օդային ուղևորափոխադրումների ոլորտում նոր մշակույթ է հիմնադրվել Հայաստանի Հանրապետությունում, և մենք հիմա բոլորս հպարտ ենք մեր օդանավակայանի համար, որովհետև տեսնում ենք, որ այն համապատասխանում է լավագույն միջազգային չափանիշներին, և դեռ համոզված ենք, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա:
Երկրորդ ոլորտը, որտեղ Էռնեկյան ընտանիքի գործունեությունը շրջադարձային նշանակություն ունեցավ, գինեգործությունն է: Այսօր ՀՀ-ում գինեգործությունը շատ բուռն զարգացում է ապրում, և գինեգործության վերածննդի բնագավառում Էռնեկյան ընտանիքի ներդրումն անգնահատելի է, և շատ մեծ էներգիա տվեց ոլորտին «Կարաս» ընկերության հիմնադրումն ու «Կարաս» գինու թողարկումը ՀՀ-ում, և, ըստ էության Հայաստանում գինեգործության վերածննդի առիթ և պատճառ հանդիսացավ, և մենք այս գործունեության համար շնորհակալ ենք Էռնեկյան ընտանիքին, և ամենևին պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է, և այդ բարձր կոչումն արտահայտում է այն ներդրումը, որ նա ունեցել է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, և հույս ունենք ու համոզված ենք, որ դեռ կշարունակի ունենալ:
Ուրախ եմ շատ, որ այսօր ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև հաստատվել է աշխատանքային շատ լավ մթնոլորտ, և այդ մթնոլորտի հաստատման գործում չափազանց էական է պարոն Մարտին Էռնեկյանի դերը, ով հենց առաջին րոպեներից ամեն ինչ արեց, որ կառավարության և ընկերության միջև ձևավորվի փոխադարձ վստահություն, և ապագայի վերաբերյալ միասնական տեսլական: Ես համոզված եմ, որ այն ծրագրերը, որոնց մասին խոսվում է, անպայման իրականություն կդառնան»,- նշեց վարչապետը: