Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացավ 23-րդ տուրը: Որքան էլ որ ցավալի է, արդեն այս տուրից հետո Եվրոպական թոփ 5 առաջնություններից մեկում չեմպիոնական ինտրիգը կարելի է համարել մարած: Յուրգեն Կլոպի ֆանտաստիկ «Լիվերպուլը» առաջինն է եւ երկրորդ տեղում գտնվող «Մանչեստեր Սիթիից» առաջ է պոկվել 16 միավորով այն դեպքում, որ «քաղաքայինները»,«կարմիրների» համեմատ, մեկ հանդիպում էլ ավել են անցկացրել: Առաջնության այս հատվածում չեմպիոնական հարցը կարելի է փակված համարել, քանի որ անհնար է պատկերացնել, որ Կլոպի տղաները կկորցնեն այս առավելությունը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում մերսիսայդցիների մրցակիցը իրենց դարավոր թշնամի «Մանչեստեր Յունայթեդ»-ն էր: Մանկունյանցիները շատ անգամներ են «դաժան» գտնվել «Լիվերպուլի» նկատմամբ, անդադար հաղթել են Պրեմիեր լիգան՝ «Էնֆիլդի տիրակալներին» հեռու պահելով բաղձալի տիտղոսից: Արդեն փոխվել են ժամանակները, տեղերով են փոխվել նաեւ «Մանչեստեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»: Յուրգեն Կլոպը ժամանեց Լիվերպուլ եւ ստեղծեց մի թիմ, որն այս պահին ուժեղագույնն է աշխարհում:
Սարսափազդու տեսք ունեցող լիվերպուլցիները ուղղակի շանս չտվեցին Անգլիայի 20-ակի չեմպիոններին, մի լավ տանջեցին եւ հաղթեցին 2:0 հաշվով:
Պրեմիեր լիգայի այս տուրում «Մանչեստեր Սիթին» 2:2 հաշվով ավարտեց «Քրիստալ Պելասի» դեմ իր խաղը, իսկ «Լեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց «Բարնլիին»:«Կարմիրները», կարելի է ասել, ամրագրեցին իրենց չեմպիոնությունը եւ կարող են հանգիստ կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի վրա, որտեղ 1/8 եզրափակչում մրցելու են «Ատլետիկո Մադրիդի» հետ: Պետք է փաստել, որ լիվերպուլցիները, հաղթելով «Մանչեստեր Յունաթեդին», սահմանեցին հերթական ռեկորդը.արդենանցելէ 1003 օր «Լիվերպուլի» «էնֆիլդում» կրած վերջին պարտությունից:
Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում «Երեք հրացանակիրների» առաջնորդությամբ դեպի չեմպիոնական տիտղոսը սլացող թիմը 22 խաղերից հաղթել է 21-ում եւ մեկ հանդիպում է ավարտել ոչ-ոքի: Հետաքրքիրն այն է, որ միակ խաղը, որտեղ մերսիսայդցիները միավորներ են կորցել,«Մանչեստեր Յուայթեդի» դեմ առաջին հանդիպումն էր, որը ավարտվել էր 1:1 հաշվով: «Լիվերպուլը» իր պատմության մեջ եւ ոչ մի անգամ չի կարողացել հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգայում, եւ այս հաղթանակը կլինի անդրանիկը:
Ինչպես ցույց են տալիս իրադարձությունները,«կարմիրների» այս հաղթանակը հավերժ մնալու է անգլիական ֆուտբոլի պատմության մեջ, քանի որ սա խոստանում է լինել ռեկորդների մրցաշրջան: Հետաքրքիրն այն է, որ Կլոպը ստեղծել է այնպիսի մեխանիզմ, որը չի խափանվում. ֆուտբոլիստները չեն կորցնում տեմպը, չեն կորցնում մոտիացիան, շարժվում են առաջ հաղթանակի մոլուցքով եւ բառիս բուն իմաստով ոչնչացնում իրենց մրցակիցներին:
Իհարկե, այս ամենը գալիս է նաեւ պահեստայինների երկար նստարանից, որն ունի Կլոպը: Եթե ստեղծված պատկերին նայենք ռեալ աչքերով, ապա Պրեմիեր լիգայի այս տարվա ոչ մրցունակ մրցաշրջանը կարող է խանգարել «Լիվերին» Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելու հարցում: Տիտղոսի ներկայիս տիրակալները կարող են ձախողվել Չ/Լ-ում, որովհետեւ նրանց համար առաջնայինը Պրեմիեր լիգան է: Իհարկե, Չեմպիոնների լիգան ամենահեղինակավոր մրցաշարն է, բայց Պրեմիեր լիգայում հաղթելը նրանց համար արդեն պատվի հարց է. հենց այս «մոլուցք»-ն էլ կարող է դառնալ խանգարողը:
Փակելով «Լիվերպուլի» թեման՝ պետք է ընդգծենք, որ այս հաղթանակները պատկանում են մեկին՝ Յուրգեն Կլոպին. այս թիմի առաջատար խաղացողներից երեքը՝ Մոհամեդ Սալահը, Ռոբերտո Ֆիրմինոն եւ Սադիո Մանեն, մինչ Յուրգենի ժամանելը խաղում էին միջին եւ թույլ ակումբներում, իսկ հիմա նրանք «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում են: Միայն այս պարզ օրինակը բավարար է Կլոպի աշխատանքը հասկանալու համար. մարդ, ով եկավ, կառուցեց, տեսավ եւ հաղթեց…
Էդմոն Մարտիրոսյան