Կապ չունի, թե որ ուղղությամբ է հակառակորդը ակտիվություն ցուցաբերում, այն ինչ կատարվում է ընդհանուր հայության դեմ է: Անրդառնալով վերջին շրջանի սահմանային լարված իրավիճակին այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Հակառակորդը նույնն է, նա չի ուզում վերանայել իր մոտեցումները, նա ուզում է հայ ժողովրդին կործանել, և իրենք, պարբերաբար լարված իրավիճակ ստեղծելով, փորձում են դա իրականացնել: Տեսնում եք՝ ինչ է անում Թուրքիան Մերձավոր Արևելքում, ինչպիսի ագրեսիվ, նացիստական քաղաքականություն է վարում»,-ասաց նա:
Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս մեկ միասնական ճակատով և չի բացառվում, որ Թուրքիայի ագրեսիվությունն է խթանում Ադրբեջանի ակտիվությանը ընդգծեց Դավիթ Բաբայանը:
«Մենք պետք է ճիշտ աշխարհաքաղաքական մարտավարություն վարենք, շարունակենք նորմալ, եղբայրական հարաբերություն պահպանել Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այն բոլոր երկրների հետ,որտեղ կա հայկական մեծ սփյուռք և ընդհանուր շահեր»,-նշեց նա:
Դավիթ Բաբայանի փոխանցմամբ՝ սահմանում դրությունը վերահսկելի է, և որևէ տագնապալի զարգացում չկա:
Լիդա Եղիազարյան