Նոր ուշագրավ բացահայտում. Զինհոսպիտալին մատակարարել են անորակ թթվասեր ու կաթնաշոռ

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 17-ին դիմել է ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ եւ պահանջել է «ԽԱՔ» ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում:
Նշենք, որ «ԽԱՔ»-ը 1994 թվականին է հիմնադրվել, եւ այն հանդիսանում է ընտանեկան բիզնեսի կայացած օրինակներից մեկը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «ԽԱՔ»-ը երկար տարիներ պաշտպանության նախարարության մատակարարներից է: Ըստ ՊՆ-ի` ապրանքը մատակարարվել է ժամանակին եւ պատշաճ: Իսկ ահա ընկերությունը համաձայն չէ ՊՆ-ի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելու հետ, քանի որ վստահ է, որ լուծման հիմքերը բավարար չեն, ինչպես նաեւ գործընթացը գտնվում է քննության փուլում:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա սեպտեմբերի 13-ին «ԽԱՔ» ընկերության կողմից ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ մատակարարված 62 կգ թթվասերի եւ 62 կգ կաթնաշոռի խմբաքանակներից «Ստանդարտ Դիալոգ» ընկերության կողմից սեպտեմբերի 14-ին իրականացվել են նմուշառումներ եւ ենթարկվել են լաբորատոր հետազոտության: Ինչի արդյունքում պարզվել է, որ «ԽԱՔ»-ի կողմից մատակարարված թթվասերի եւ կաթնաշոռի նմուշներն իրենց ֆիզիկաքիմիական եւ մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել պահանջվող նորմերին:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ գրությամբ արձանագրվել է նաեւ, որ տվյալ ընկերության կողմից բազմիցս մատակարարվել է անպատշաճ որակի թթվասեր եւ կաթնաշոռ: Այս պատճառով ՊՆ-ն որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը:

ՊՆ-ն դիմել է ընկերությանն ու հայտնել, որ մատակարարվել է անպատշաճ որակի թթվասեր եւ կաթնաշոռ: Եւ առիթից օգտվելով՝ ՊՆ-ն հայտնել է, որ հիմք ընդունելով պայմանագրի 3.1.7.1 կետի «ա» ենթակետի պահանջը՝ հոկտեմբերի 30-ին միակողմանի լուծել է պայմանագիրը: Մենք նաեւ տեղեկացանք, որ ընկերությունը նոյեմբերի 23-ին դիմել է Ավան եւ Նոր Նորքի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել մատակարարման պայմանագրի լուծումը ոչ իրավաչափ ճանաչել, դրա լուծման համար հիմք հանդիսացող ծանուցումն էլ՝ անվավեր: Բայց դատարանը նոյեմբերի 27-ին որոշել է «ԽԱՔ» ընկերության հայցադիմումը վերադարձնել:

Գնումների բողոքարկման խորհուրդը արձանագրել է, որ ՊՆ-ն սեպտեմբերի 22-ին տրամադրված եզրակացության հիման վրա, հայտնաբերելով «ԽԱՔ» ընկերության կողմից մատակարարված թթվասերի ու կաթնաշոռի որակի մասին պայմանի խախտում, այն հայտնաբերելուց հետո անմիջապես կամ պայմանագրի համապատասխան կետով նախատեսված ողջամիտ ժամկետում չի ծանուցել ընկերությանը հայտնաբերված խախտման վերաբերյալ:

Բացի այս՝ գնումների բողոքարկման խորհուրդը գտել է նաեւ, որ ՊՆ-ի` պայմանագիրը միակողմանի լուծելը կդիտարկվի իրավաչափ այն դեպքում, երբ ընկերությանը ծանուցելուց հետո անպատշաճ որակի ապրանքը ընկերության կողմից չի փոխարինվում գնորդի համար ընդունելի ժամկետում: Ըստ գնումների բողոքարկման խորհրդի` վաճառողի կողմից անպատշաճ ապրանք մատակարարելը դեռեւս հիմք չի հանդիսանում պայմանագիրը էական խախտման հիմքով միակողմանի լուծելու համար, քանի որ անհրաժեշտ է նաեւ, որ վաճառողի կողմից անպատշաճ որակի ապրանքը փոխարինվի գնորդի համար ընդունելի ժամկետում:

Մինչդեռ ՊՆ-ն չի ծանուցել ընկերությանը եւ չի սահմանել անպատշաճ որակի ապրանքը փոխարինելու իր համար ընդունելի ժամկետ: Բայց այս ամենի արդյունքում խորհուրդը գտել է, որ «ԽԱՔ» թույլ չի տվել իր եւ ՊՆ-ի միջեւ դեռեւս 2015 թվականի կնքված պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը, հետեւաբար խորհուրդը գտնում է, որ «ԽԱՔ»-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու նպատակով նախաձեռնված պաշտոնական ընթացակարգը մերժել է:

Ի դեպ, տեղեկացնենք, որ պաշտպանության նախարարությունը պայմանագիրը միակողմանի լուծել է նաեւ «Տիսա» ընկերության հետ, որը նույնպես երկար տարիների մատակարար է հանդիսանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` խախտում իրականացրած ընկերությունների հետեւում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Լեռնային Ղարաբաղից, որոնք ամեն կերպ փորձում են ջրից չոր դուրս գալ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Տիսա» եւ «ԽԱՔ» ընկերությունների հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Ավելին՝ տեղեկացնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռեւս հոկտեմբերի սկզբին ուսումնասիրություն է իրականացրել խտացրած կաթի, թթվասերի, յուղի, հալած պանրի շուկաների մատակարարման եւ իրացման ոլորտներում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության բացահայտման նպատակով, եւ 30 ընկերություններում խախտումներ են հայտնաբերվել: Այդ ընկերությունների թվում են նաեւ «Տիսա»-ն եւ «ԽԱՔ»-ը:

Բանն այն է, որ նշված ընկերությունները իրացրել են թթվասերային արտադրանք` թթվասերի փոխարեն: Նույն տրամաբանությամբ թթվասերը պատրաստվում է կենդանական յուղից, իսկ թթվասերային արտադրանքը` բուսական յուղից:
Ըստ որոշ տեղեկությունների` պաշտպանության նախարարության վերոնշյալ ընկերությունների հետ պայմանագրերը միակողմանի լուծելու հիմք հանդիսացել են հենց ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունները:

Ամեն դեպքում, ակնհայտ է, որ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարար նշանակվելուց հետո «ընկել է մատակարարների հետեւից»: Արդեն մի քանի ընկերությունների հետ ՊՆ մատակարարման պայմանագրերը խզվել են:

Սյունէ Համբարձումյան