ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն վեց օր է անցել այն օրից, երբ ադրբեջանցիները ԼՂՀ օդուժի «ՄԻ-24» ուղղաթիռը խոցեցին վարժանքների ժամանակ: Ու մինչ օրս մեզ չի հաջողվել վերջնականապես ճշտել ուղղաթիռի անձնակազմի երեք անդամների վիճակը՝ կենդանի՞ են նրանք, թե՞ ոչ: Ուղղաթիռի կործանումից մեկ օր անց կարծիքներ հնչեցին, թե բացառված չէ անձնակազմի անդամներից մեկը ողջ մնացած լինի, սակայն երեկվա դրությամբ հայկական ուղղաթիռին դեռ չէր հաջողվել մոտենալ տարածքին. ադրբեջանցիները շարունակում են իրենց նշանառության տակ պահել ուղղաթիռի կործանման վայրը եւ առավել լայնամասշտաբ գործողություններ սկսելու սպառնալիքներ հնչեցնել: Հայաստանն էլ իր հերթին է պատասխանում դրանց,առայժմ՝ հայտարարություններով: Իսկ միջազգային կառույցներն առանձնապես աչքի չեն ընկնում իրենց կողմից որդեգրված սկզբունքներին հետեւելու գործում: Բացի արձանագրային հայտարարություններից, անիմաստ մոնիթորինգներից՝ միջազգային հանրությունը կոնկրետ քայլ չի արել՝ որեւէ կերպ ազդելու ադրբեջանական կողմի վրա, որպեսզի օդաչուներին կամ նրանց դիերը Հայաստան վերադարձվեն: Ու մինչ գերտերությունները Հայաստանին ու Ադրբեջանին գործիք դարձնելով՝ սեփական շահն են սպասարկում, այդ ընթացքում ճակատագրեր են խեղվում, անդառնալի կորուստներ արձանագրվում:

 

 

 
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն այս տարվա հոկտեմբերին միայն բջջային հեռախոսների ծառայություններից օգտվելու համար բջջային կապի օպերատորին փոխանցել է ավելի քան մեկ միլիոն դրամ: Հաշվի առնելով այն փաստը, որ նախարարության պաշտոնյաներն օգտվել են «ԱրմենՏելի» (ապրանքանիշը՝ «Բիլայն») ծառայություններից, իսկ վերջինիս սակագները ամենացածրն են, կարելի է ասել, որ սփյուռքի նախարարությունում շատախոսների պակաս չկա: Նրանք շրջում են հեռախոսներն ականջներին, իսկ վճարում ենք մենք՝ հարկատուներս: Ու սա կապի ներկայիս ժամանակակից միջոցների պայմաններում: Տեղեկացնենք, որ սփյուռքի նախարարությունը ֆիքսված կապի համար էլ վճարել է 2 միլիոն 750 հազար դրամ: Մի խոսքով՝ բավական չէ, որ հարկատուների հաշվին անիմաստ նախարարություն են պահում, մի բան էլ պարզվում է, որ այս գերատեսչությունում խոսելու սիրահարների մի հսկա բանակ կա:

 

 

 

 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կարծիքով՝ որպեսզի ՀՀ Վճռաբեկ դատարանը կարողանա ոտքի կանգնեցնել Հայաստանի դատական համակարգը, անհրաժեշտ է փոխել այդ կառույցի կազմը: Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծել է, թե. «Խիստ անհրաժեշտ է Վճռաբեկ դատարանի դատավորների կազմում փոփոխություններ կատարել, եւ այդ ատյանի կազմը համալրել գիտական պոտենցիալ ունեցող երիտասարդ կադրերով եւ ոչ թե ստորադաս ատյանների՝ նախկինում արատավորված դատավորներով»: Իհարկե, այն, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի անդամների մեծամասնությունը ոչ թե այդ կառույցում պետք է լիներ, այլ ազատազրկման վայրերում՝ իրենց թույլ տված հանցանքերի համար, հանրահայտ իրողություն է: Բայց նրանց նշանակել են հենց այդպիսին լինելու համար, քանի որ նշանակողներն առանձնապես հակված չեն արդար դատական համակարգ ունենալուն:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատուկ քննչական ծառայությունում քննվող ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է: Քրեական գործը հարուցվել էր հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով` դատախազություն-քննչական կոմիտե հակամարտության շրջանակներում: Այն, որ այդ քրեական գործը հեռանկար չուներ, հասկանալի էր ի սկզբանե: Բավական է նշել այն փաստը, որ քրգործի առիթ եղել են քննիչների կողմից դատավարական ժամկետները խախտելու դեպքերը: Մյուս կողմից ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազությանը եւ, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին այդ պատմության մեջ ոչ թե քննիչներին հենց դատելն է հետաքրքրել, այլ նրանց եւ մնացած բոլորին հասկացնելը, թե դատաիրավական ոլորտում ով է «թելադրողը»:

 

 

 
ԲԱՆՋԱՐ-ԲՈՍՏԱՆԱՅԻՆ

Եվ այսպես` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ըստ ամենայնի, վաղը Սահմանադրական դատարանից կուղարկվի Ազգային ժողով, որտեղ էլ ֆորմալ քննարկումներից հետո իր ավարտին կհասցվի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի` մեկ գիշերվա մեջ ընդունված եւ ողջ ժողովրդին պարտադրված ՀՀ նեոգաղութացման այս խայտառակ գործընթացը:
Այն, որ Հայաստանի Ազգային ժողովն առանց որեւէ խոչընդոտի կվավերացնի այս պայմանագիրը, կասկածից դուրս է: Ընդ որում, ակնհայտ է, որ այս անգամ դա կարվի սովորականից ավելի մեծ թվով կոճակսեղմիչների կողմից, այդ թվում եւ ոչ իշխանական ուժերի, որոնցից անգամ «Ժառանգությունում» այլեւս այս հարցի շուրջ չկա միասնական մոտեցում: Եվ ինքնին հասկանալի է, որ Աժ-ում պայմանագրի քննարկումները կրելու են զուտ ֆորմալ, եթե չասենք՝ թատերականացված բնույթ, քանզի ամեն բան արդեն վճռված է, եւ դեռ շատ վաղուց` հայտնի մեկ գիշերվա ընթացքում:
Ուստի, մեղմ ասած, այլեւս կարեւոր չէ, թե ինչ են ասում փաստաթղթի վերաբերյալ Աժ այս կամ այն ուժի ներկայացուցիչները, բայց նրանք կարող են գոնե մի փոքր զուսպ լինել ռուսահաճության իրենց դրսեւորումներում եւ չհայտարարել բաներ, որոնց սնանկությունը պարզ կդառնա արդեն կարճ առաջիկայում:
Երեկ, օրինակ, Աժ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը հայտարարել է, թե Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը Ղարաբաղի հետ կապված որեւէ մտահոգություն չի կարող առաջ բերել։ «Ազատության» հետ զրույցում նա վստահեցրել է, թե իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, որ Հայաստանի մաքսակետերում օտարերկրացի մաքսավոր կհայտնվեն: Հիշեցնենք, որ այդ մասին ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ավելին` ԵՏՄ ներկայացուցիչների մաքսային աշխատողների խումբն արդեն Հայաստանում է:
Մինչդեռ Այվազյանը շարունակում է պնդել. «Ո՛չ պայմանագիրը, ո՛չ քաղաքական համաձայնությունը որեւէ նման նորմ չի դիտարկում։ Չկա այն մտահոգությունը, որ կլինի հանկարծ ինչ-որ մաքսային սահման, այլ մաքսավորներ եւ այլն։ Նման որեւէ մեխանիզմ մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական համագործակցության ընդհանուր պայմանագիրը չի նախատեսում»:
Զավեշտալի է, սակայն դեռեւս գոյություն չունեցող կառույցին` ԵՏՄ-ին, ՀՀ անդամակցությունն իրականանում է այնպիսի անհասկանալի, խառնաշփոթ գործընթացով, որ անգամ իշխանության երկու թեւերի կարկառուն ներկայացուցիչների հայտարարություններն են մեկը մյուսին հակասում: Ուստի ակնհայտ է, որ այս իրավիճակում Սերժ Սարգսյանից ցածր մակարդակով ՀՀ իշխանությունների ցանկացած ներկայացուցչի՝ անգամ վարչապետի կամ Աժ նախագահի հավաստիացումները Ղարաբաղի սահմանին մաքսակետեր տեղադրելու մասին գրոշի արժեք չունեն: Իսկ Սարգսյանն էլ իր ասելիքն արդեն ասել է անցած հունիսին` Ծաղկաձորում:

 




Լրահոս