Գյումրիի ակտիվիստները տարակուսանք են հայտնում ՀՀ ոստիկանապետի կողմնակալ մոտեցման առնչությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու խաղաղ նստացույցի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ.

Մենք՝ Գյումրու խաղաղ նստացույցի մասնակիցներս, պատկերացում ունենալով Երևան և Գյումրի քաղաքների միջև եղած հեռավորության մասին, չենք կարող մեր տարակուսանքը չհայտնել ՀՀ Ոստիկանապետ Վ. Գասպարյանի կողմնակալ մոտեցման շուրջ, համաձայն որի՝ հունիսի 23-ին միայն Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ օրենքի կոպիտ խախտումներ թույլ տված ոստիկանները ենթարկվեցին այս կամ այն աստիճանի կարգապահական տույժերի:

Եթե 120կմ-երը տեղեկատվական և մասնագիտական անջրպետ չեն հանդիսացել ՀՀ ոստիկանապետի համար՝ Գյումրիում տեղի ունեցածի շուրջ պատկերացում կազմելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու համար, ապա կարող ենք միայն ենթադրել, որ այս կերպ Գյումրիում խաղաղ նստացույցի մասնակիցներին օրենքի կոպիտ խախտումներով բերման ենթարկելու փաստը ուղղակիորեն հավանության է արժանացել ՀՀ ոստիկանապետի կողմից: Եթե մեր ենթադրություններում սխալվում ենք, ապա ակնկալում ենք շատ շուտով ականատես լինել ևս մեկ համարձակ քայլի ավելի բարեփոխված Ոստիկանություն ունենալու ճանապարհին: Կարեն Պետրոսյանին հունիսի 23-ի գործողությունների մասով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու փաստի շուրջ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. այն է՝ անընդունելի է ՀՀ ակտիվ քաղաքացու հետ խոսել «լռեցնելու» լեզվով:

Ինչպես հայտարարել էինք, ակնկալում ենք գործի շուտափույթ կարճում: Վերջին օրերի ընթացքում գործի բովանդակության պարզման և արդեն իրավական հիմքերով գործի բնույթին ավարտական գնահատական տալու նպատակով Կ. Պետրոսյանի փաստաբանի կողմից ՀՀ դատախազություն ներկայացվել են մի քանի միջնորդություններ, որոնց պատասխաններ ստանալը և մեր կողմից ներկայացված բարոյական ու քաղաքացիական գնահատականների հետ համադրումը և միայն դրանից հետո համարժեք քայլերի ձեռնարկելն այս պահին համարում ենք հիմնավորված: Տաս օրն է այն ժամկետը, որն այս պահին բաժանում է մեզ իրավական գործընթացների ավարտական գնահատական ստանալու և կախված այդ գնահատականից ՀՀ պահանջատեր քաղաքացու իրավունքները և շահերը պաշտպանելու ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված բազմաբնույթ քայլեր ձեռնարկելու գործում: Եվս տաս սպասման օրեր, որոնք մենք կանցկացնենք իրապես իրավական երկրում ապրելու ցանկությամբ, հույսով և վճռականությամբ:

Հետգրություն՝ Շիրակի բարեփոխված ոստիկանապետի ակնկալիքներով:




Լրահոս