ԱՎԵԼԻ ՔԻՉ ԱՐՑՈՒՆՔ ԵՎ ՊՈՌԹԿՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում մեծ էկրանին կհայտնվի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը: Պաշտոնական թիզերը դիտելուց հետո պարզ է դառնում, որ սպասվում են նոր շրջադարձեր, դերասանական կազմի փոփոխություն: «Ժողովուրդ»-ը զրուցել է գլխավոր հերոսուհուն մարմնավորող դերասանուհի Անի Ղազարյանի հետ: Հանդիսատեսը նրան ճանաչում է նաեւ Վ. Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմից:

-Անի՛, նշել եք, որ Մ. Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը շրջադարձային էր նորագույն շրջանի հայկական կինոյի համար: Ինչո՞վ էր այն որոշիչ:
-Նախ` այս ֆիլմի միջոցով աչքի ընկան դերասաններ, որոնց հանրությունը մինչ այդ չէր ճանաչում (կամ ճանաչում էր միայն թատերասեր մասսան): Շոուբիզնեսյան դեմքերին փոխարինելու եկան նոր, ոչ պակաս տաղանդաշատ դեմքեր: Բացի այդ` ունեցանք գրագետ, հետաքրքիր սցենար, որը կրկին բացակայում էր կինոշուկայում: Այսինքն` նյութ չկար, որի վրա դերասանը կարող էր աշխատել: Եվ ամենակարեւորը` մենք այս ֆիլմի միջոցով ունեցանք հերոս: Հայաստանում վերջին շրջանում նկարահանվում էին ֆիլմեր, որոնք սակայն չէին տալիս մեր ազգի հերոսի նկարագիրը: Այն հերոսի, հավաքական կերպարի, որին կցանկանային նմանվել եւ որի գործը կցանկանային շարունակել մեր երիտասարդները:
-Որքանով տեղյակ եմ` ֆիլմի նկարահանումների մի մասը հաջորդել է Ապրիլյան պատերազմին: Այս պարագայում հույզերը կառավարելը դժվար չէ՞ր:
-Հուզական դաշտը, իսկապես, բավական ակտիվ էր: Հենց ապրիլյան օրերի իրադարձությունները, հետպատերազմական տեսարանները ներառվեցին սցենարում: Ես, իհարկե, ոչ բոլոր տեսարաններին եմ մասնակցել, բայց կարող եմ փաստել, որ անասելի էմոցիաներ էինք ապրում: Բայց, այնուամենայնիվ, հատկապես երկրորդ ֆիլմում փորձել ենք այնպես անել, որ դրանք հասնեն մինիմալի: Օրինակ` ֆիլմի առաջին մասում հուզական պոռթկումներն ավելի շատ են, իսկ երկրորդ մասում Դուք կտեսնեք ավելի քիչ արցունք, ավելի քիչ պոռթկումներ:
-Ս. Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի դերասանուհի եք, եւ այնպես է ստացվել, որ ռեժիսորը Ձեզ տեսել է թատրոնում, ապա հրավիրել է կինո: Այս անցումը ի՞նչ դժվարություններ ծնեց:
-Այս դեպքում շատ կարեւոր դեր է խաղում ռեժիսորի հոտառությունը: Նա պետք է թատրոնի դերասանուհուց կարողանա ստանալ նաեւ լավ կինոդերասանուհի: Ինձ համար անցումային այդ փուլը հաղթահարելը դժվար չի եղել: Կան ռեժիսորներ, որոնք թատրոն-կինո սահմանագիծը ճիշտ չեն կարողանում պահել, ինչի արդյունքում կինոյում հայտնվում են թատրոնին բնորոշ տարրեր:
-Անի՛, Ձեր ոլորտի ամենամեծ բացը ո՞րն եք համարում: Դուք, սովորաբար, ի՞նչ տիպի նախագծերին եք նախապատվությունը տալիս:
-Ամենամեծ բացն այն է, որ ժամանակն առաջ է գնում, իսկ մենք թե՛ կինոարտադրության, թե՛ թատերական արվեստի ոլորտում աշխարհից բավական հետ ենք մնում, չենք հասցնում ժամանակին համընթաց քայլել: Ինչ վերաբերում է առաջարկներին, բազմիցս ստացել եմ հրավերներ տարբեր սերիալներից, կոմերցիոն ներկայացումներից, բայց կարողացել եմ զսպել ինձ, հայտնի դառնալու մոլուցքն ինձ չի խեղդել եւ փորձել եմ մասնագիտական առումով արժեքային համակարգիս համապատասխան ընտրություն կատարել:
-Այն դերասանուհիներից եք, որոնք ոչ մի մասսայական միջոցառում բաց չե՞ն թողնում, թե՞ ավելի ներքաշված տեսակ եք:
-Թատերական ասպարեզում, օրինակ, բավական լայն շփումներ ունեմ, իսկ կինոլորտում դրանք նոր են ձեւավորվում: Ամեն դեպքում, ինձ համարում եմ ավելի ներքաշված մարդ…
-Այս պարագայում զարմանալի չի լինի, եթե ֆիլմի երկրորդ մասին ծանոթանալիս մարդիկ պարզապես չճանաչեն Ձեզ:
-Այո՛, ինձ հիմնականում գիտեն թատրոնից, այսինքն` շատ քիչ մարդ գիտի ինձ…
-Անի՛, ֆիլմում նկարահանվելուց հետո ստեղծագործական դադար եք վերցրել: Այնինչ, կարծում եմ, ֆիլմի երկրորդ մասի պրեմիերայից հետո հանրության կողմից ավելի ճանաչված եք լինելու: Նման պահի ասպարեզից անհետանալը ճի՞շտ եք համարում:
-Դե, այնպես չէ, որ հոգնել եմ դերասանական կյանքից եւ որոշել եմ չզբաղվել դրանով: Դադարը անձնական կյանքի բերումով է ստացվել, իսկ անձնականի մասին չէի ուզենա խոսել:

 

 

 
Ո՞ՒՐ Է «ԿՈՐԵԼ» ՀԱՂՈՐԴԱՎԱՐ ՄԱՄԻԿՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ

«Ժողովուրդ»-ը շարունակում է «պեղել» հայ հանրության շրջանում ճանաչում վայելող հայտնիների, որոնք ժամանակին հաճախ էին երեւում էկրաններին, սակայն տեւական ժամանակ է, կարծես, անհետացել են: Այս անգամ մեր թիրախում հայտնվել է հեռուստահաղորդավար Մամիկոն Սիմոնյանը:

Հետաքրքրվել ենք` որտեղ է նա այժմ բնակվում, ինչով է զբաղված եւ արդյոք կապ ունի հեռուստատեսային աշխատանքի հետ. «Հիմա Ռուսաստանի Դաշնությունում եմ, հիմնականում` Մոսկվայում: Աշխատում եմ մարքետինգի եւ փիարի ոլորտում, նաեւ սովորում եմ: Հեռուստատեսային աշխատանքով հիմա չեմ զբաղվում, բայց ոլորտին մոտ եմ եւ հնարավորություն ունեմ ուսումնասիրելու ռուսական մեդիա ոլորտը, հատկապես հեռուստատեսային ու գովազդային շուկան»,-պատասխանեց Մամիկոնը:
Հարցին, թե Հայաստանին առնչվող ինչ պլաններ ունի եւ երբ է վերջին անգամ այցելել հայրենիք, հաղորդավարը պատասխանեց. «Հայաստանը շարունակում է մնալ իմ տունը, հայրենիքը` անկախ գտնվելուս վայրից: Պլաններ շատ ունեմ, բայց դրանց մասին հիմա չեմ խոսի: Վերջին անգամ Երեւանում եղել եմ ամանորյա տոնական օրերին, որոնք անցկացրել եմ երեխայիս, ծնողներիս, հարազատներիս հետ»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք` այն պահից, ինչ եթերում չէ, Մամիկոնը ստացե՞լ է արդյոք հեռուստատեսային հետաքրքիր առաջարկներ. «Հեռուստատեսային առաջարկներ ստացել եմ, բայց դրանք հետաքրքիր չեն եղել ո՛չ բովանդակության, ո՛չ մնացած գործոնների առումով: Վերադառնալու ցանկություն, նպատակ ու հնարավորություն ունեմ, բայց հիմա, ցավոք, ժամանակ չունեմ: Այնուամենայնիվ, անպայման կվերադառնամ»:
Իսկ հարցին, թե հետեւո՞ւմ է արդյոք հեռուստատեսային այն ծրագրերին, որոնք ունեն նախկինում իր վարած ծրագրերի ֆորմատն ու բնույթը, հաղորդավարը պատասխանեց. «Միշտ հետեւում եմ այն ոլորտին, որտեղ աշխատել եմ կամ աշխատում եմ, գուցե այդ առումով շատ ակտիվ չեմ, բայց ամենակարեւորը աշխատում եմ բաց չթողնել: Ցավոք, շատ բան տեղի չի ունենում հայկական հեռուստաոլորտում, բայց ոչինչ դեռ կորած չէ: Ունենք այն, ինչ ունենք. եթե ուզում ենք ավելի լավը, պետք է մի քիչ ավելի շատ աշխատենք էկրանին եւ դրանից դուրս»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԿՇԱՀԱԳՈՐԾՎԻ ՀՈՒՆԻՍԻՆ
Գավառի պետթատրոնի շենքի շինարարությունն ավարտին հասցնելու համար այս տարի պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 100 միլիոն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է շինարարական աշխատանքներն իրականացնող «Բազալտշին» ՍՊԸ տնօրեն Լյովա Մարտիրոսյանը, հատկացված միջոցներով հիմնովին կավարտվի շինարարությունը, եւ նորակառույց թատրոնի շենքն այս տարվա երկրորդ կեսին կբացի իր դռները հանդիսատեսի առջեւ. «Դրսի աշխատանքներն ավարտված են ամբողջությամբ, մնացել է կառուցել բեմը եւ դահլիճը` ակուստիկայով հանդերձ: Շինարարական աշխատանքներն արդեն սկսված են»,-ասել է նա:

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎՐՁԻՆԸ
Հունվարի 21-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի Արագած Ախոյանի՝ «Վերադարձ…» խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Այն կգործի մինչեւ հունվարի 31-ը ներառյալ:
«Վերադարձը…» ստեղծագործողի առաջին անհատական ցուցահանդեսն է:
Հիշեցնենք, որ Ա. Ախոյանը հայտնի է որպես քաղաքական գործիչ: Նա 2012 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

 

 

ԱՎԱՐՏԵԼ Է ԿԱՐԻԵՐԱՆ
Ամերիկացի դերասան Ջեք Նիքոլսոնն ավարտել է կինոդերասանի իր կարիերան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է The Sun-ը, հայտնել է նրա ընկերը` դերասան Փիթեր Ֆոնդան: «Նա, փաստորեն, կենսաթոշակի է անցել»,¬ նշել է Ֆոնդան` հավելելով, որ ինքը չգիտի դերասանի որոշման պատճառը:
Նիքոլսոնի մասնակցությամբ էկրաններին բարձրացած վերջին ֆիլմը «Ինչ իմանաս…» կատակերգությունն է: Կինոնկարը, որտեղ նկարահանվել են նաեւ Ռիզ Ուիզերսփունը, Փոլ Ռադը եւ Օուեն Ուիլսոնը, էկրան է բարձրացել 2010-ի դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ Նիքոլսոնը իր 60-ամյա կարիերայի ընթացքում 3 անգամ արժանացել է «Օսկար»¬ի: Նա նաեւ BAFTA-ի երեք եւ «Ոսկե գլոբուս»¬ի յոթ մրցանակների դափնեկիր է:




Լրահոս