Սանձե´ք Մասիսի հանրապետական բեսպրեդելը, այլապես արյունալի բախումներ տեղի են ունենալու ամեն օր. Նաիրա Զոհրաբյանը՝ իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանձե´ք Մասիսի հանրապետական բեսպրեդելը, այլապես արյունալի բախումներ տեղի են ունենալու ամեն օր: Դիմելով իրավապահներին՝ նման պահանջ է ներկայացնում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Սայաթ-Նովա համայնքում «Ծառուկյան» դաշինքի աջակից Աբրահամ Ադամյանի հետ կատարվածին:

Հիշեցնենք՝ Արարատի մարզում ռեյտինգայով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուն Մուրադ Մուրադյանի թիմակից Արթուր Հայրապետյանը դանակահարել է Աբրահամ Մանուկյանին: Երիտասարդի վիճակը ծանր է: Նա այս պահին  ծանր ներքին արյունահոսությամբ վիրահատվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

ArmLur.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ «Ծառուկյան» դաշինքը, դաշինքի յուրաքանչյուր անդամ բազմիցս ասել է, որ քանի դեռ կան բեսպրեդել թեկնածուներ, նրանցից մեկը կոնկրետ Մասիսում, ով ամենուր հայտարարում է, որ իրեն ամեն ինչ թույլատրված է, և քանի դեռ կան թեկնածուներ, որոնց համար մի քվեն ավելին արժե, քան դիմացինի կյանքը, ամեն օր կլինեն նման միջադեպեր:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը կոչ արեց քաղաքական դաշտի բոլոր ուժերին՝ անել առավելագույնը, անգամ անհնարը՝ ընտրապայքարը քաղաքական դաշտից միջանձնային դաշտ չտեղափոխելու համար. «Սա վերաբերում է նաև այն թեկնածուներին, որոնք վստահ են իրենց անպատժելիության մեջ, և որոնք կարծում են՝ իրենք ինչ ուզեն, կարող են անել: Կրկին կոչ եմ անում՝ քաղաքական պայքարը չկրիմինալացնե´լ: Այդպես չի´ լինելու: Առայժմ այսքանը»,- եզրափակեց Ն. Զոհրաբյանը:




Լրահոս