ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ Կառավարության հրատապ նախագծին «Իմ քայլ»-ը դեմ քվեարկեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Պատգամավորների մեծամասնությունը՝ 86 հոգի օրենքի նախագծին դեմ քվեարկեց այն բանից հետո, երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն առաջարկեց չընդունել օրինագիծը և այն տեղափոխել առաջինից երկրորդ ընթերցման փուլ:

Իսկ որն էր պատճառը, որ Կառավարության կողմից հրատապ ճանաչված նախագիծը ԱԺ-ն տապալեց։

Պատճառը, ըստ էության, ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էր: Նա այս օրինագծի մասին խոսել էր դեռ մարտի 2-ին գումարված նստաշրջանի առաջին օրը՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ուշադրությունը հրավիրելով կարևոր մի հանգամանքի վրա, որ իր առաջարկները հանձնաժողովում չեն էլ քննարկվել, ինչը հանցագործություն է։

Բայց, երբ սպասված արձագանքը չեղավ, Աժ պատգամավոր Թագույի Թովմասյանը ստիպված եղավ ԱԺ ամբիոնից բացատրել, որ եթե իշխող մեծամասնությունը չընդունի իր սխալը և օրենքի քննարկումը լիագումար նիստի օրակարգից չհանի, ապա ինքը պատրաստվում է օրենքի լեգիտիմության հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում։

Ի պատասխան Արարատ Միրզոյանն ընդունեց որ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի սպորտի եւ սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովն օրենքի խախտում է թույլ տվել և անհրաժեշտություն կա սխալը շտկելու։

Ահա այսպես, «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը իշխող ուժն իր ձեռքով ստիպված եղավ տապալել։

Այսպիսով իշխանական խմբակցությունը կառավարության կողմից հրատապ ճանաչված օրինագծին դեմ քվեարկեց։

Հիմա հարցը նորից պետք է քննարկվի շահագրգիռ կողմերի հետ, այնուհետև նախ ԱԺ հանձնաժողովում պետք է քննարկվի, բոլոր առաջարկները դրվեն քվեարկության, որից հետո միայն կրկին կմտնի լիագումար նիստերի օրակարգ և կքննարկվի ու կքվեարկվի։ Բովանդակային մասով օրենքին կանդրադառնանք առաջիկայում։




Լրահոս