Կայացել է Փրկարար ծառայության 2022 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստը, որը վարել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ գնդապետ Կամո Ցուցուլյանը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ նիստին մասնակցում էին ծառայության կառուցվածքային և տարածքային բոլոր ստորաբաժանումների ղեկավարները, ովքեր հանդես եկան զեկույցներով։
Զեկուցողները նշեցին ահազանգերի սպասարկման, արձագանքման կազմակերպման, փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման, աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակների կանխարգելման, քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրերի մշակման, անձնակազմի ուսուցման և վերապատրաստման, փրկարարների որակավորման կազմակերպման և անցկացման, շենքային պայմանների բարելավման, նոր հրշեջ-փրկարարական տեխնիկական զինվածության և գույքային համալրվածության ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում իրականացված հետևողական աշխատանքների մասին։
Ընդհանուր առմամբ Փրկարար ծառայության փրկարարական և հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները կարողացել են իրենց ամենօրյա անձնուրաց աշխատանքի շնորհիվ անել ամեն ինչ, որպեսզի մեր հանրապետության բնակչությունը լինի առավել պաշտպանված մեր երկրին բնորոշ տեխնածին ու տարերային սպառնալիքներից:
Հաշվետու ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 1 մլն 468 455 զանգ, 2021թ. համեմատությամբ դրանց թիվն աճել է 25.219-ով։ Արտակարգ դեպքերի, պատահարների քանակը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 739-ով. դրանց թիվը 14.136-ն է։ Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 6010-ը կամ ընդհանուր դեպքերի 42.5%-ը հրդեհի դեպքերն են: Հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 578-ով:
Նշված ժամանակահատվածում փրկարարական ստորաբաժանումների կողմից փրկվել է 218 մարդու կյանք:
Հանրապետության հինգ մարզերի առավել վտանգավոր 30 տեղամասերում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների, հիվանդանոցների համար մշակվել և գերատեսչական համատեղ հրամաններով հաստատվել են աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման մեթոդական ուղեցույցներ և օրինակելի ձևեր:
911, 1-02, 1-03 ահազանգման կենտրոններում իրականացված ծրագրային համադրումների արդյունքում ստեղծվել է սեղմակոճակի մեկ հպումով անհրաժեշտ տեղեկատվությունը միմյանց փոխանցելու հնարավորություն, ինչի արդյունքում քաղաքացին կարող է ահազանգել երեք ծառայություններից որևէ մեկին, որտեղ ահազանգերն անկախ դրանց բնույթից սահմանված կարգով կընդունվեն և կսպասարկվեն:
Միջազգային համագործակցության շրջանակներում տարբեր ուղղություններով իրականացվել են մի շարք աշխատանքներ, ուղղված Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանը, աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության ուժեղացմանը, համայքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծմանը, փրկարարական գույքի և համապատասխան տեխնիկական միջոցների ձեռքբերմանը, մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանների բարելավմանը։
Անձնակազմի վերապատրաստման, արձագանքող ուժերի կողմից որակյալ արձագանքումը կազմակերպելու, ինչպես նաև դեպքի վայրում աշխատանքները ճիշտ կազմակերպելու նպատակով, հաշվետու ժամանակահատվածում Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ընդհանուր թվով անցկացրել են 335 ուսումնավարժություն, այդ թվում՝ 1-ը՝ հրամանատարաշտաբային, 42-ը՝ շտաբային և 292-ը՝ հատուկ տակտիկական:
Հաշվետու ժամանակահատվածում փրկարարի որակավորման դասեր է շնորհվել 1290 ծառայողի:
Սեպտեմբերի 1-4-ը Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը (հայկական ՔՈՓ թիմ) հանձնել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից կազմակերպված Միջազգային քաղաքային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) չափորոշիչ-ներին համապատասխան արտաքին վերաորակավորման քննություն: Քննության արդյունքներով հայկական ՔՈՓ թիմը դարձել է տարածաշրջանի առաջին թիմը, որը հաջողությամբ հանձնել է վերաորակավորման քննություն և ստացել հավաստագիր ևս 5 տարի ժամկետով՝ երկարաձգելով INSARAG-ին անդամագրումը:
Ամփոփիչ խոսքում Կամո Ցուցուլյանը նշեց, որ թեև ներկայացված հաշվետվությունները հավաստում են, որ մեծ աշխատանք է կատարվել նախորդ տարվա ընթացքում, այնուհանդերձ անելիքներ դեռ շատ կան: Փրկարար ծառայության տնօրենը դրական գնահատեց 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց մարդասիրական գործունեության և անձնուրաց ծառայության համար:
Տնօրենն առանձնացրեց 2023 թվականի հիմնական անելիքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Որպես գերակա խնդիր Կ. Ցուցուլյանը նախանշեց անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, նախաձեռնողականությունն ու նյութատեխնիկական ապահովվածության հարցերը: