ՀԱՐՑ. Մի քանի օր առաջ եղա Տաթեւի վանական համալիրում եւ տեսա, որ տանիքը ճաղերով փակ էր: Քահանան բացատրեց, որ տանիքը խարխուլ է, դրա համար չի թույլատրվում բարձրանալ: Ի՞նչ է ձեռնարկում մշակույթի նախարարությունը տանիքն ամրացնելու ուղղությամբ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի թիվ 616 որոշմամբ` ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւի վանական համալիրը սեփականության իրավունքով հանձնվել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնին, ում կողմից իրականացվում է համալիրի պահպանությունը: Նախարարությունը եւս մշտական վերահսկողություն է իրականացնում համալիրին առնչվող պահպանման խնդիրներին: Ինչ վերաբերում է վանական համալիրը վերականգնելու խնդրին, ապա այն կիրագործվի «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մշակույթի նախարարության պատասխանը, թերեւս, ամենականխատեսելին է. ինչպես միշտ, փող չկա… Տվյալ դեպքում, սակայն, եթե համալիրի տնօրինման իրավունքը Մայր աթոռին է հանձնվել, ապա կառույցի վերականգնման ֆինանսական հարցերը մեկ օրում եւ հիմնավորապես կարող էին լուծվել: Նույնիսկ այլ «դոնորներ» փնտրելու անհրաժեշտությունը չպիտի զգացվեր, եւ վանական համալիրի վերականգնման ընթացքի քննարկումը թերթերի էջեր չպիտի հասներ: Ի վերջո, Տաթեւը «սարերի ծերին կորած» վանքերից մեկը չէ, որոնց վիճակն, ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, Գարեգին Բ-ին չի հետաքրքրում: Բացի այդ, վերջերս ԱԺ-ում քննարկվեց եկեղեցուն պատկանող օբյեկտները գույքահարկից ազատելու օրենսդրական փոփոխությունը: Արժե, թերեւս, այնտեղ ավելացնել հետեւյալ կետը. եկեղեցուն ազատել գույքահարկից պայմանով, որ այդ միջոցներով կվերանորոգվեն Հայաստանի բոլոր, այդ թվում եւ «սարերի ծերին կորած» եկեղեցիները: