Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող Արթուր Թամրազյան) սկսվեց, Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ “Ժողովուրդ”օրաթերթի: Դատավարության ընթացքում մարզպետ Նվեր Պողոսյանի 3 փաստաբանները մեկուկես ժամ փորձում էին դատարանին ու ներկաներին ապացուցել, որ “Ժողովուրդ” օրաթերթն իրավունք չուներ մարզպետի` կաշառք վերցնելու մասին նյութ հրապարակել, քանի որ նա հանրային անձ է: Ավելին` նրանք դատարանում ասում էին, որ թերթը պարտավոր էր պարզել կաշառքի մասը, նոր տպագրել: Իսկ “Ժողովուրդ”-ի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը բացատրեց, որ թերթը պարտավոր չէր քննություն վարել եւ պարզել` որտեղ ինչ հանգամանքներում, ում միջոցով է մարզպետը կաշառք վերցրել: Թերթը հանդես է եկել ամբիոնի դերում, հրապարակել է Թթուջուր գյուղի դպրոցի քննության մասնակից Աննա Թորոսյանի խոսքերը, որն ասել էր, որ մարզպետին իր մրցակցից գումար է տվել` վարորդի միջոցով: “Ժողովուրդ”-ը զանգահարել էր նաեւ մարզպետին` ճշտելու, թե որքանո՞վ են հավաստի տեղեկությունները: “Այսպիսով, գտնում եմ, որ հայցը ամբողջովին ենթակա է մերժման”,- հայտարարեց Ճարոյանը: Դատավոր Արթուր Թամրազյանը եւս հայցվորին հարց տվեց. “Չե՞ք կարծում, որ թերթը մեջբերում է կատարել”: “Ոչ” պատասխանեցին մարզպետի փաստաբանները:Դատավարության ընթացքում մի քանի հետաքրքիր դրվագներ արձանագրվեցին. երբ “Ժողովուրդ”-ի ներկայացուցիչը հետաքրքրվեց` ի վերջո Նվեր Պողոսյանը կաշառք վերցրե՞լ է, թե՞ ոչ, նրա փաստաբանները պատասխանեցին, որ տեղյակ չեն: Տարակուսելի պահվածք էր դրսեւորել նաեւ Աննա Թորոսյանը: Նա դատարանում հաստատեց իր ասած բոլոր խոսքերը` գյուղի դպրոցի մրցույթի մասին, իսկ երբ հասավ մարզպետի` վարորդի միջոցով վերցրած 3000 ԱՄՆ դոլար կաշառքի դրվագին, սկսեց չհիշել: Նա վախվորած հայացքով նայում էր այս ու այն կողմ` հայտարարելով, որ մարզպետի կաշառք վերցնելու մասին ինքը ոչինչ չգիտի, ընդամենը լսել է գյուղի “ասեկոսեներից”: Այդ ժամանակ “Ժողովուրդ”-ը միջնորդեց դատարանին` լսել Աննայի ձայնագրությունը: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հրապարակվեց ձայնագրությունը, որտեղ Աննան ասում է, իր ամուսնու հետ գնացել է մարզպետի վարորդի մոտ, որը Վահան գյուղից է, ով ասել է, որ այդ գործն արդեն չի լինի, քանի որ մյուս մասնակցից վերցրել է 3000 ԱՄՆ դոլար ու տվել մարզպետին: “Որ իմանայի դուք էիք, չէի անի այդ գործը”,- ըստ Աննայի, ասել է մարզպետի վարորդը:Այս ամենից հետո դատավոր Արթուր Թամրազյանը հետաձգեց դատական լսումը մինչեւ դեկտեմբերի 5-ը ժամը 15.00-ն: Այդ օրը հայցվող կողմն ու դատարանը հարցեր կտան “Ժողովուրդ”-ին:
Մարզպետն ընդդեմ Ժողովուրդ օրաթերթի դատավարության մանրամասները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ