ԴՈՒ ՉԵՍ ԹԵԼԱԴՐՈՒՄ, ՔԵԶ ԵՆ ԹԵԼԱԴՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգահան, դերասան Ռիչարդ Մադլենյանն ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան` դասական վոկալի բաժինը: Այնուհետեւ սովորել է Իտալիայում` Մարիո դել Մոնակոյի եւ Ռենատա Տեբալդիի անվան վոկալի բարձրագույն ակադեմիայում: Իսկ այն հարցին, թե ինչու հիմա օպերայի բեմին չէ, Ռիչարդը պարզաբանեց, որ ձայնը պետք է հասունանար, որոշակի տարիք գոյություն ունի բաս կատարողների համար: Նրա տարիքն արդեն մոտեցել է: Իսկ մոտ ապագայում Ռիչարդը պատրաստվում է երգել հենց դասական ոճում, չնայած 2004-2005թթ. երգել է «Անուշ» եւ «Նորմա» օպերաներում:   
-Այս պահին մի քիչ դժվար է հասկանալ` երգահա՞ն եք, դերասա՞ն, թե՞ դասական երգիչ:
-Հիմա նաեւ Կամերային թատրոնում երաժշտական ղեկավար: Այսօր ես 4 պրոֆիլով եմ աշխատում: Ցավոք սրտի, մեր երկիրն այն երկրներից է, որ պետք է մի քանի տեղ աշխատես, որ կարողանաս մարդավարի կյանքով մի քիչ ապրել: Ասեմ, որ երբեք չեմ մտածել, ոչ էլ երազել եմ դերասան կամ երգահան դառնալ, ժամանակի ընթացքում այդպես ստացվեց: Բոլոր դեպքերում միշտ մտածել եմ, որ այդ ամեն ինչն ինձ ապագա լինել չի կարող, իմն օպերային բեմն է: Այն, ինչ մենք այսօր անում ենք հեռուստաընկերություններում եւ շոու բիզնեսում, չի կարելի համարել արվեստի գործ: Արվեստ ասելով` բոլորովին այլ գործեր ենք պատկերացնում:
-Եթե Դուք Ձեր գրած երգերն արվեստի գործ չեք համարում, այդ դեպքում ինչո՞ւ ավելի լուրջ բնույթի երգեր չեք գրում: Թե՞ մտավախություն ունեք, որ դրանք չեն վաճառվի:
-Իհարկե, նշանակություն ունի` կվաճառվի, թե ոչ, բայց խնդիրը դա չէ: Ստեղծագործում ես քո հոգու հանգստության համար: Հիմա այն դարաշրջանն է, երբ ոչ թե դու ես թելադրում, այլ քեզ են թելադրում: Այդպես է ամբողջ երկրում, բոլոր բնագավառներում, նույնիսկ լրատվության մեջ: Բոլորս ավտոմատ կերպով անում ենք այն, ինչ հարմար ենք համարում տվյալ պահին: Իրականում կան գրված լուրջ ստեղծագործություններ: Ես կուզենայի, որ դրանք պրոպագանդվեին ու հնչեին, բայց դրանք հետաքրքիր չեն մեր շոու բիզնեսի կատարողներին: Այսօր առաջին պլանում հիթ կոչվածն է, շուտ պոպուլյար դառնալը:  
-Լավ, իսկ սերիալում նկարահանվելու առաջարկն ինչո՞ւ եք ընդունել: Դա էլ արվեստ համարել չենք կարող:
-Երբ ես Իտալիայից վերադարձա, գումար չունեի ապրելու, դա 5 տարի առաջ էր: Պատահական հայտնվեցի մի տեղում, որտեղ ընկերս` ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը,  խորհուրդ տվեց մասնակցել առաջին հեռուստատեսային նովելի` «Դժբախտ երջանկության» քասթինգին: Մասնակցեցի, հավանության արժանացա ու սկսեցի նկարվել: Հեռուստատեսությունում հայտնվեցի ֆինանսական խնդիրների պատճառով, ու դա դարձավ ճակատագրական մի բան: Ասում են` ամեն վատ բան ունի իր լավ կողմը եւ հակառակը: Իրականում քչերը գիտեն` ես ինչեր եմ անում արվեստին ավելի մոտ լինելու համար:
-Այն ոլորտները, որտեղ Դուք փորձում եք Ձեզ ռեալիզացնել, կապված են արվեստի հետ: Բայց կա նաեւ կարծիք, որ իսկական արվեստը միշտ չէ, որ գնահատվում է:
-Բարձրարժեք արվեստը շատ նեղ շրջանակներում է գնահատվում: Ինձ թվում է` մի քիչ ավելի պետական մտածողություն է պետք, որ այդ արվեստն ավելի լայն շրջանակներում հասկացվի: Մենք եւ ինձ նման հազարավոր մարդիկ շատ քիչ են, որ կարողանան ռեֆորմներ անել: Պետք է կրթության միջոցով մարդկանց բերել այն գիտակցման, որ այսօրվա Օպերային թատրոնը չդառնա բազարի տեղ, որ մարդիկ գնան Օպերային թատրոն արվեստ տեսնելու, ոչ թե վարձեն դահլիճն, ու ելույթ ունենա, ով պատահի: Այն միակ ու սրբազան բեմը, որ մենք ունենք, ամենատարբեր մարդիկ կարող են վարձել եւ այդ բեմից չգիտես ինչ սարքել:
-Հայաստանում օպերային արվեստն այնքան էլ եռուն չէ, եթե որոշել էիք զբաղվել արվեստի այդ ճյուղով,  ինչո՞ւ չմնացիք Իտալիայում եւ չշարունակեցիք Ձեր ուղին այնտեղ:
-Վերադարձա, որովհետեւ այն ռեսուրսները, որ հիմա ունեմ, այն ժամանակ չկային: Օպերային արվեստը լուրջ արվեստ է, երգեցողությունն էլ` ակադեմիական: Պետք է ամեն ինչ իդեալական լինի, երբ թերանում ես, չես դառնում պահանջված երգիչ: Դա շոու բիզնեսը չէ, որ ստուդիայում ինչ ուզենան, ձայնդ սարքեն: Դրա համար փորձեցի ձայնիս հասունացման ընթացքն ավելի ռեալ օգտագործել, աշխատել տարբեր բնագավառներում:
-Հնարավորության դեպքում նորից կմեկնե՞ք:
-Չեմ կարծում, որ մեր հայ օպերային երգիչները երազում են միայն մեր Օպերային թատրոնի բեմի մասին: Այն ֆինանսավորումը, որ տալիս է մեր Օպերային թատրոնը, շատ ծիծաղելի է` ամսական 70-80 հազար դրամ: Բոլորն էլ ուզում են գնալ այն երկրները, որ օպերայի մայրաքաղաքներն են համարվում: Ես էլ բացառություն չեմ: Միգուցե բիզնեսմենները չցանկանան գնալ Հայաստանից, էստեղ առք ու վաճառքը շատ լավ է ընթանում, իսկ արվեստի հետ կապված՝ բոլորն են ուզում դրսում հանդես գալ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս