Հայկական դրամը շրջանառությունից դուրս կգա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մայիսին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները պատրաստվում են ստորագրել Եվրասիական  տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիրը, որում անդրադարձ կա նաև միասնական արժույթի ներդրման հարցին: Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:

-Պրն Բոստանջյան, թեև Եվրասիական տնտեսական միության  ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրելու են երեք երկրները, այնուամենայնիվ, Հայաստանը սրանից որևէ հետևություն պետք է անի, թե ոչ` մասնավորապես հնարավո՞ր է շրջանառությունից դուրս գա հայկական դրամը:

-Նման միությունների մոտեցումներից մեկը միասնական արժույթին անցնելն է: Նման վիճակ մենք տեսնում ենք, օրինակ, ԵՄ-ի երկրներում: Եվրասիական միության ստեղծման ընթացքում, ըստ էության, հատկապես այդ երեք հզոր երկրների կտրվածքով  կատարված են տարբեր հաշվարկներ և եկել են այն եզրահանգման, որ միասնական արժույթի ներդրումը բոլորի համար ընդունելի կլինի ու արդյունավետ: ՀՀ-ն եթե ամբողջությամբ մտնելու է  այդ միության մեջ, ուրեմն ՀՀ-ն էլ պետք է անցնի միասնական արժույթի:

-Այսինքն` այն, որ հայկական դրամը դուրս կգա շրջանառությունից, հավանակա՞ն է:

-Եթե մեր իշխանությունը, կառավարության մարմինները, գտնվելով այդ միության շրջանակներում, համարեն խնդիրը վերջնականորեն լուծված, բնական է, որ այդպես պետք է լինի:

-Ի՞նչ կարելի է անել, որ հայկական դրամը դուրս չգա շրջանառությունից:

-ԵՄ-ի որոշ երկրներ արժութային միասնական տիրույթում չեն գտնվում: Տնտեսական միությունների արդյունավետությունը նաև պայմանավորված է միասնական արժույթի առկայությամբ, բայց կա հնարավորություն, ելնելով զանազան պահերից, չմտնել միասնական արժութային համակարգ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կախված երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից՝  արտաքին  տնտեսական քաղաքականությունը` պայմանավորված այդ ՄՄ-ի մյուս երկրներով, որքանո՞վ արդյունավետ կլինի Հայաստանի համար:

-Հայկական դրամի շրջանառությունից դուրս գալու դեպքում, ենթադրելի է, որ դա  բացասական ազդեցություն կունենա  մեր տնտեսության վրա:

-Ինչո՞ւ եք նման բան ենթադրում: Ո՞վ նման բան է ասել ՝ ապակողմնորոշել է ձեզ: Միասնական արժույթի անցնելը չի ենթադրում որևէ մեկի շահերի կամ իրավունքների նսեմացում: Եթե Մաքսային միության մեջ մտնող բոլոր անդամները գտնում են, որ ՀՀ-ին կարելի է զերծ պահել մեկ միասնական արժութային համակարգի մեջ ներառելուց, ապա հնարավոր է հայկական դրամը շրջանառությունից դուրս չգա:

Այնպես որ, ասել թե ՀՀ-ի տնտեսության վրա դրական կամ բացասական ազդեցություն կունենա միասնական արժութային համակարգը ՝ պահանջում է լրացուցիչ և համակողմանի քննարկում:

-Վերջին շրջանում նկատելի է դրամի արժեզրկում դոլարի և եվրոյի համեմատ: Ի՞նչ խորհուրդ կտաք այն քաղաքացիներին, որոնք բանկերում ունեն դրամով խնայողություններ:

-Ազգային արժույթի վարքագիծը` արժեզրկվելը կամ արժևորվելը, պայմանավորված է ՀՀ-ի տնտեսական իրավիճակով: Իսկ մեր երկրի տնտեսական վիճակն այս փուլում (որի մասին խոսում են իշխանությունները), վատ է, նույնիսկ շատ վատ:

Հետևաբար ազգային արժույթը դոլարի ու եվրոյի համեմատ  պիտի իրեն թույլ դրսևորվի: Մեր այն քաղաքացիները, որոնք իրենց խնայողությունները պահում են թույլ արժույթով` այս դեպքում հայկական դրամով, պետք է փոխեն ավելի կայուն  արժույթով:

Սոնա Դավթյան




Լրահոս