Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հունիսի 8-9-ը պետական այցով կմեկնի Հյուսիսային Կորեա, ինչը կլինի նրա առաջին այցը Փհենյան գրեթե յոթ տարվա ընթացքում։ Այցի մասին ուրբաթ օրը հայտարարել են երկու երկրների պաշտոնական կառույցները։
Այցը տեղի է ունենում մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Պեկինում Սի Ցզինպինը առանձին հանդիպումներ էր անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Սի Ցզինպինի այցի մասին հայտարարությունը հնչել է նաև այն բանից ընդամենը մեկ օր անց, երբ Հյուսիսային Կորեան ներկայացրել է միջուկային ռումբերի արտադրության համար անհրաժեշտ նյութերի արտադրամաս։ Փորձագետների գնահատմամբ՝ այդ քայլը վկայում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցանկանում է ամրապնդել երկրի՝ որպես միջուկային պետության կարգավիճակը հենց չինական առաջնորդի այցից առաջ։
Նոր օբյեկտ այցելության ժամանակ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան մտադիր է «էքսպոնենցիալ տեմպերով» ուժեղացնել իր միջուկային ներուժը։
Հարավային Կորեայի զինված ուժերի տվյալներով՝ նորաբաց օբյեկտը ուրանի հարստացման գործարան է։
Վերջին տարիներին Կիմ Չեն Ընը առաջնահերթություն է տվել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում Մոսկվային զորքեր և սովորական սպառազինություն տրամադրելով։ Միևնույն ժամանակ նա ակտիվացրել է նաև հարաբերությունները Չինաստանի հետ, որը Հյուսիսային Կորեայի գլխավոր առևտրային գործընկերն ու օգնություն տրամադրող երկիրն է։
Սի Ցզինպինն ու Կիմ Չեն Ընը վերջին անգամ հանդիպել էին 2025 թվականի սեպտեմբերին Պեկինում, որտեղ վերահաստատել էին փոխադարձ աջակցությունը և երկկողմ համագործակցության խորացման պատրաստակամությունը։ Այդ ժամանակ Կիմ Չեն Ընը Չինաստանի մայրաքաղաք էր ժամանել ռազմական շքերթին մասնակցելու նպատակով, որտեղ ներկա էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի
























