ՀԱՐՑ. Ես Ջերմուկ քաղաքի բնակիչ ռմ, իմ որդուն պետք է զորակոչեին բանակ, սակայն երբ արդեն պետք է տանեին, ստուգող հանձնաժողովն ասաց, որ նա առողջական խնդիրներ ունի: Ըստ բժշկական տվյալների` իմ տղան 3-րդ աստիճանի հարթաթաթ է: Խնդրում եմ պատասխանեք` նման դեպքում բանակ զորակոչո՞ւմ են, թե՞ ոչ:
մանկավարժ
ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը կանոնակարգում է քաղաքացիներին առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը: Այն հիվանդությունների ցանկը, որոնց հիման վրա իրականացվում է նշված գործընթացը, սահմանված է ՀՀ պաշտպանության նախարարի 2011թ. փետրվարի 26-ի թիվ 175-Ն հրամանով հաստատված զինապարտների բժշկական եւ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգով: ՀՀ պաշտպանության նախարարի 2011թ. փետրվարի 26-ի թիվ 175-Ն հրամանը տեղադրված է mil.am կայքի գրադարանի «Օրենսդրություն» բաժնում:
Քաղաքացիներին զորակոչային տեղամասերին կցագրելու եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ տարածքային զինկոմիսարիատները կազմակերպում եւ անցկացնում են նրանց համակողմանի ուսումնասիրություն` առողջական եւ ֆիզիկական զարգացման վիճակը գնահատելու համար: Ընդ որում, յուրաքանչյուր քաղաքացու առողջական վիճակը որոշվում է անհատական գնահատման կարգով:
Այն դեպքերում, երբ զորակոչիկի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան զորակոչել, նա ներկայացվում է կենտրոնական բժշկական հանձնաժողով` վերջնական որոշում կայացնելու համար: Առանձին դեպքերում ախտորոշումը ճշտելու նպատակով կենտրոնական բժշկական հանձնաժողովը կարող է զորակոչիկին հսկողական հետազոտման ուղարկել զինվորական բուժհիմնարկ:
(շարունակությունը հաջորդ համարում)
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ոչինչ չի մնում, քան զորակոչային տարիքի պատանիների ծնողներին խորհուրդ տալ այցելելու նախարարության կայքի համապատասխան բաժինը եւ մանրակրկիտ կերպով ծանոթանալ այն հիվանդությունների ցանկին, որոնց դեպքում նորակոչիկներն ազատվում են զինվորական ծառայությունից: