ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած «ՎՄԳԳ գրուպ»  շինարարական ընկերության հիմնադիր Վլադ Մանգասարյանը, որը ներկայացավ որպես Երեւանում էլիտար շինարարության «նախահայր», որոշել է պատասխանել ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի` մամուլում հնչեցրած այն մեղադրանքներին, որ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի «խաթր» մի քանի տարի է` հայտնվել է իրեն ավելի քան մեկ միլիոն դոլար «գցած» խմբի ծուղակում:
Ըստ այդմ` «Արին կապիտալ» ընկերության հիմնադիր Էդմոնդ Խուդյանը 2004թ-ին 600.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով ձեռք է բերում Մաշտոցի 33 հասցեում գտնվող չորսհարկանի շենքը՝ այն վերանորոգելու եւ վաճառելու նպատակով: Դրա վերանորոգման աշխատանքներն ստանձնած Վլադիսլավ Մանգասարյանը շենքը քանդում է առանց հիմնադրի թույլտվության՝ այն հարեւանությամբ գտնվող Մաշտոցի 33 ա տարածքին միացնելու եւ այնտեղ բարձրահարկ շենք կառուցելու նպատակով: Խուդյանի եւ Մանգասարյանի հարաբերությունները սրվում են, սակայն նրանց ընդհանուր գործընկեր Լեւոն Սարգսյանը Խուդյանին համոզում է: Սփյուռքահայը համաձայնում է կարճաժամկետ ներդրում անել եւ ձեռք է բերում Մաշտոցի 33 ա տարածքը` 1.000.000 դոլարով եւ պայմանով, որ իր մասնակցությունը պետք է ավարտվի 2006թ. մայիսին: Այդ ժամանակ Խուդյանին պետք է վերադարձվեին ներդրած գումարներն ու որոշակի շահույթ: Սակայն Մանգասարյանը, չնայած  պայմանագրին,  այդպես էլ չի վերադարձնում ներդրված 1.600.000  դոլար գումարը:
«Տարիներ առաջ Լեւոն Սարգսյանին մոտենում է մի հատ Արմեն Ղազարյան անուն-ազգանունով սյունեցի տղա եւ ասում է, որ իրենց մի ընկերն Ամերիկայից եկել ա, ուզում ա ներդրում կատարի Հայաստանում»: Մտածում են` որտեղ կատարի, Լեւոն Սարգսյանն էլ ասում է` «ինչի՞ Վլադին չեք դիմում, թող շինարարության մեջ դնի»,-ըստ Վլադիմիր Մանգասարյանի` այսքանով սկսվում եւ ավարտվում է  Լեւոն Սարգսյանի միջնորդությունը:
Վլադ Մանգասարյանի վարկածը: Էդմոնդի հետ համագործակցությունը սկսվում է վատ, քանի որ նա անսպասելի հետ է պահանջում ներդրված հարյուր հազար դոլարը` ապահովելով 40 տոկոսանոց շահույթ. այն դեպքում, երբ բանկերն անգամ փողը 20-22 տոկոսով էին տալիս: Արդեն ԱՄՆ-ից, Վլադի պատմելով, սփյուռքահայն իրեն զանգահարում է եւ ասում. «Նեղացած ես, բայց իմացի, որ այդ գումարից ես ընդամենը 80 հազար եմ ստացել»,-իսկ մնացածն, ըստ նրա, ստացած են լինում Վլադին եւ Էդմոնդին ծանոթացրած  Արմեն Ղազարյանը եւ մյուս ընկերը: Որոշում են հետայսու իրար հետ գործ անել առանց միջնորդների: Դրանից առաջ ինքն արդեն բանակցություններ էր տանում, որպեսզի կոմերցիոն գնով ինչ-որ ձեռնարկությունից գներ Մաշտոցի 33 հասցեում գտնվող չորսհարկանի շենքի հողը, եւ սփյուռքահայը համաձայնում է ներդնել եւս կես միլիոն դոլար. քանի որ այդ տարածքում գտնվող Երեւանի պատմության թանգարանը պետք է տեղափոխվեր  քաղաքապետարանի նոր շենք, եւս վեց հարյուր հազար դոլար պետք էր շենքի  կոսմետիկ վերանորոգման համար, իսկ այն պետք է վաճառվեր 2 միլիոն  200   հազար դոլարով: Ինչ վերաբերում է չորսհարկանի շենքին, ապա այն Էդմոնդի անունով է  գրվել,  քանի որ սփյուռքահայն ասել է, որ այդպես ինքն ավելի հանգիստ կլինի:
Վլադը համաձայնում է, բայց քանի որ մի անգամ «թթուն կերել էր», պայման է դնում. պայմանագիրը թող Էդմոնդը կնքի, եւ պայմանագրում էլ թանգարանի` տարածքն ազատելու հստակ ժամկետ դրվի` 2004-ի դեկտեմբերի 1-ը: Բնականաբար, այդ ժամկետում թանգարանը տարածքը չի ազատում, Էդմոնդը գալիս է Հայաստան, ասում են, որ կազատեն հաջորդ տարվա մայիսի մեկին:   Վլադն առաջարկում է միացնել երկու հողերը` շենքը «դնել երկու հողի վրա, էն, որ մենք 4 հարկ ունեինք, հիմա 11 կլինի, քո եկամուտն էլ կշատանա»: Սրա համար, սակայն, անհրաժեշտ էր ընդգրկել եւս մեկ կողմ, եւ գտնվում են սիրիահայեր: Ապա մայիսի մեկին սփյուռքահայ գործընկերներն այցելում են Վլադի գրասենյակ եւ հայտարարում, որ գործից դուրս են գալիս, «փարո՛ն Վլադ»: Պահանջում են իրենց փողերը` գումարած 50 տոկոս հավելում 4 ամսվա համար: Ըստ Վլադի` իրենց կնքած եռակողմ պայմանագրի համաձայն` այն միակողմանի լուծման ենթակա չէր, իսկ միակ ֆորս մաժորը երկրաշարժն ու ջրհեղեղն էր:
Մի քանի օր հետո սփյուռքահայ գործընկերները, Մանգասարյանին տեղեկացնելով, որ 2 միլիոն գին տվող կա, Վլադին առաջարկում են 100 հազար, այն դեպքում, երբ 700 հազարի չափ ծախսել էր, իսկ գույքն էլ այդ պահին արդեն 3,5 միլիոն դոլար արժեր: Վլադը ոչ ցենզուրային բառերով նրանց ճանապարհում է, բայց իր վիճակն էլ մի բան չէր, քանի որ գույքը Էդմոնդի անունով էր: Որպես լուծում` ընտրվում է «վաբանկ» գնալը, եւ ունենալով քանդման թույլտվություն` Վլադը սկսում է քանդել տարածքը:  Սրանից հետո կողմերը վախենում են, Էդմոնդն էլ առաջարկում է գնալ նոտարական գրասենյակ` նոր պայմանագիր կնքելու: Վլադը սկսում է իր միջոցներով կառուցել շենքը:  
 2006 թվականին դատարանից ծանուցագիր է գալիս, որ էդմոնդ Խուդյանը դիմել է Մանգասարյանի իրավունքները դադարեցնելու պահանջով: Վեց ամիս տեւած դատավարության ժամանակ առաջարկվում է կնքել հաշտության պայմանագիր, իսկ 2007-ին, երբ կառուցված էր 11 հարկ, եւ նրան վերադարձված էր 650 հազար դրամ (կա Էդմոնդի նամակն առ այն, որ ստացել է), Էդմոնդը կրկին պահանջում է 1 միլիոն 200 հազար, այլապես սպառնում է շենքը վաճառել: Վլադն իր ընկերոջ` Ղալումյանի հետ որոշում է բանկից երկու միլիոն դոլարի վարկ վերցնել (1 միլիոն 200 հազարն Էդմոնդին տալու, 800 հազարը` շենքն ավարտին հասցնելու համար): Բայց այս անգամ էլ պայման են դնում, որ շենքը պետք է լինի ոչ թե որպես Էդմոնդի գույք, այլ «Արին կապիտալ» անունով ձեռնարկության մեջ: Սրանից հետո, երբ հրավիրվում է «Լոգիկոն» հաշվապահական ընկերությունը, Էդմոնդը պայման է դնում, որ տնօրենը պետք է լինի իր մանկության ընկեր Էդուարդ Եսայանը: 2009 թվականին  Էդմոնդը նորից հանդիպում է Վլադին եւ ասում, որ  նա այդ շենքում ստանալու բան չունի: Սրանից հետո գնում, տեսնում է` շենքը թալանված է, գումարներն էլ` հաշվապահությունով փոխանցված ԱՄՆ` Էդմոնդ Խուդյանի անձնական հաշիվներին:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս