Կառավարությունն ազատվում է «հին» կադրերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` Արմեն Ղուլարյանն իր դիմումի համաձայն` ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից: Նա երկարակյաց մարզպետներից էր, և այդ պաշտոնը զբաղեցնում էր դեռ 1999-ից:

Ղուլարյանն ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետության ֆակուլտետը, մասնագիտությամբ ճարտարապետ է:

Նկատենք, որ նա մշտապես զբաղեցրել է բարձր պաշտոններ։

Աշխատանքային գործունեությունը սկսել է Իջևանի շրջանային խորհրդի գործկոմում ճարտարապետական բաժնի խմբի ղեկավարի պաշտոնից: Արդեն մի քանի տարի անց զբաղեցրել է  Իջևանի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, այնուհետև`
ՀԿԿ Իջևանի շրջկոմի արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի բաժնի վարիչի, հետո էլ` Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի:

Արդեն 1996-ին դարձել է Իջևանի քաղաքապետ, իսկ անմիջապես հետո Տավուշի մարզպետի պաշտոնը:

Նշենք, որ Ղուլարյանը ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ է, պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» և ՀՀ վարչապետի հուշամեդալներով։ Ունի շնորհակալագրեր, ինչպես նաև Ճարտարապետների միության անդամ է։

1999թ. մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ղուլարյանի ունեցվածքի և գույքի հայտարարագրում ոչ մի գրառում չկա նրա անշարժ կամ շարժական գույքի վերաբերյալ: Առկա են միայն նրա դրամական միջոցներին և եկամուտին վերաբերող տվյալներ:

Ըստ դրանց` նախկին մարզպետը տարվա սկզբում ունեցել է 12 մլն դրամ, որը տարվա վերջում աճելով դարձել է 12.500.000 դրամ: Աճ է նկատվել նաև դոլարային միջոցներում` 40. 000 դոլարից 45.000 դոլար: Հետաքրքիրն  այնն է, որ Ղուլարյանի միակ եկամուտը եղել է աշխատավարձը:

Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո մշտապես խոսվում էր այն մասին, որ բացի նախարարների պաշտոնանկություններից` կլինեն նաև մարզպետների փոփոխություններ: Այդ թեման մշտապես հայկական լրահոսի կիզակետում է:

Երկարակյաց նախարար Ա.Ղուլարյանն իր մարզպետության երկարուձիգ տարիների ընթացքում հասցրել է բազմաթիվ չարաշահումներ ու խախտումներ թույլ տալ: Այդ մասին եղել են բազմաթիվ փաստեր, արձանագրություններ: Նման ապօրինության բազմաթիվ դեպքեր էր հայտնաբերել նաև ԱԺ Վերահսկիչ պալատը: Օրինակ` կատարողականներով ցույց են տրվել և հաստատվել վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, որոնց հավելագրումները կազմել են  63 մլն 421.9 հազ. դրամ: Եվ սա անօրինականությունների ապացույցներից միայն մեկն էր:

Ղուլարյանի` Տավուշի մարզպետի պածտոնից հեռացնելու մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես Իջևանի քաղաքապետի ընտրություններից հետո, երբ նախկին մարզպետը չէր կարողացել քաղաքապետ դարձնել իր կուսակցին և ընտրություններում հաղթել էր ԲՀԿ-ական թեկնածուն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս