«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր այցելել Արմավիր քաղաքի բնակչուհի Գյուլվարդ Խաչիկյանը, ով պատմեց, որ Արմավիր քաղաքի կաթի գործարանի սեփականատեր Արարատ Հարությունյանն Արմավիր քաղաքի ՎՏԲ բանկի մասնաճյուղի կառավարիչ Մելիքսեթ Խաչատրյանի միջոցով «խարդախ ճանապարհով տիրացել է» իրենց տանը:
Իսկ ինչպե՞ս է սկսվել այդ մղձավանջը: «Ամուսնուս, աղջկաս եւ իր քարտուղարուհուն Արարատ Հարությունյանը կանչում է իրենց տուն եւ ասում, որ ձեր աղջիկը 4000 դոլար պարտք է: Թե տերն ես` տերն ես, թե չէ, ուրեմն ես ձեր աղջկան դատի եմ տալիս»,-հուզված ձայնով սկսեց պատմել տիկին Գյուլվարդն` ավելացնելով, որ ամուսինը խուճապի է մատնվել եւ ստիպված «ստորագրել ինչ-որ փաստաթուղթ»: «Այդ ժամանակ մերոնք ուզեցին վաճառել տունը»,-ներկայացրեց տիկին Գյուլվարդը:
Մեր հարցին, թե ինչ կապ ունի տիկնոջ աղջիկը գործարանի տնօրենի ու նրա քարտուղարուհու հետ, տիկին Գյուլվարդը պատասխանեց. «Աղջիկս կաթի գործարանի տնօրենի նախկին քարտուղարուհուց` Աննայից, պարտքով վերցրել է օծանելիքներ, որպեսզի վաճառի ու գումար աշխատի: Պարզվում է, որ վերջինս էլ իր հերթին դրանք պարտքով վերցրել է կաթի գործարանի տնօրենից: Այդ ժամանակ ես հիվանդանոցում եմ եղել: Արգելք էի ուզում հանդիսանալ, բայց ասեց` մամա՛, վիճակ չունենք, պետք է մի բան անենք, որ ապրենք»:
Նրա խոսքերով` ՎՏԲ բանկի կառավարիչ Մելիքսեթ Խաչատրյանը մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել կաթի գործարանի սեփականատեր Արարատ Հարությունյանի հետ. «Աննան` նախկին քարտուղարուհին, պարտք է եղել Արարատ Հարությունյանին, իսկ Արարատն էլ խոստացել է, որ մեր բնակարանը վաճառելուց հետո պարտքը կհանեն Աննայի վրայից»:
«Այն ժամանակ սեփականության վկայական մենք չունեինք»,-հիշում է բնակչուհին եւ բացատրում, որ «իրենք` Արարատ Հարությունյանն ու իր կինը, երկու տեսակի գործարք են արել` անշարժ գույքի վաճառք եւ հիփոթեք առքուվաճառք` չնայած, որ այդ ամբողջ գումարը, ինչպես բնակչուհին է նշում, «դրվել է Արարատ Հարությունյանի գրպանն ու բացի 4000 դոլար պարտքից, վաճառված տան ամբողջ գումարից ոչ մի կոպեկ չի տվել»: Տիկին Գյուլվարդի խոսքերով` Արարատ Հարությունյանը «2000 դոլար կաշառք է տվել Արմավիր քաղաքի ՎՏԲ բանկի մասնաճյուղի կառավարչին` Մելիքսեթ Խաչատրյանին, գործարքը կատարելու համար»: Նշենք, որ այս ամենը կատարվել է 2008-ին, իսկ 2009-ի մարտի 10-ին Գյուլվարդ Խաչիկյանին իր ընտանիքի հետ միասին տանից դուրս են հանել:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել ՎՏԲ բանկի Արմավիր քաղաքի մասնաճյուղի կառավարչի` Մելիքսեթ Խաչատրյանի հետ, ով ասաց, թե «Հայաստանում էլ տեղ չի մնացել, որ ինքը դիմի, դատախազություն, Կենտրոնական բանկ, վարչություն: Տեսել են բոլոր փաստաթղթերը, ստուգել են, որ ամեն ինչ նորմալ է եղել, օրինական, մերժել են ու ասել հաջողություն»: Իսկ «2000 դոլար կաշառքի»-ին անդրադառնալով` նա պատասխանեց. «Նման բան գոյություն չունի, իմ մոտ կամերաներ կան ու նկարում են»: Մելիքսեթ Խաչատրյանը վստահեցրեց, որ Արարատ Հարությունյանի հետ «արդեն մեկ-երկու տարի է, ինչ կապ չունի»:
Մեզ հաջողվեց կապվել նաեւ Արմավիր քաղաքի կաթի գործարանի տնօրեն Արարատ Հարությունյանի հետ եւ հարցնել` արդյոք նա, կաթի բիզնեսից բացի, օծանելիքի բիզնեսով էլ է զբաղվում: «Օծանելիքնե՞ր: Ըտենց բան չկա, ու չեմ էլ ուզում լսել: Ես մարոժնի, կաթ եմ արտադրում»,-զարմացավ Արարատ Հարությունյանը: «2000 դոլար կաշառք»-ի վերաբերյալ էլ կաթի գործարանի սեփականատերն ասաց. «Ի՞նչ հեքիաթներ է պատմում, էտի տուն չէր, խրճիթ էր: 31.000 դոլար փող ենք տվել էդ խրճիթին»: Նա նաեւ հերքեց տիկին Գյուլվարդի կողմից իր դեմ ներկայացված մյուս մեղադրանքները:
ԳՈՐԾԱՐԱՐՆ ՈՒ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ԽԼԵ՞Լ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ