ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏՆՕՐԵՆՆ ԱՆՀԻ՞ՄՆ Է ԱԶԱՏԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Գաղտնիք չէ, որ Հայաստանում մարդկանց աշխատանքային իրավունքների պաշտպանվածությունը շատ ցածր մակարդակի վրա է, ինչում, ի դեպ, մեղավոր են ոչ միայն գործատուները, այլեւ աշխատողներն իրենք: Իհարկե, առավել հաճախ քաղաքացիները պարզապես տեղեկացված չեն իրենց աշխատանքային իրավունքների մասին, սակայն քիչ չեն դեպքերը, երբ անգամ տեղյակ լինելով սեփական իրավունքների մասին` աշխատողները խուսափում են հետամուտ լինել դրանց պաշտպանությանը` աշխատատեղը կորցնելու մտավախությունից ելնելով: Օրերս «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիները հայտնվել են հենց նման իրավիճակում` կորցնելով «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում ունեցած աշխատանքը:

Նախկին աշխատակիցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ «Սեքյուրեթի դրիմ» ընկերությունում այս շոգ եղանակներին իրենք աշխատում են աշխատանքային ոչ պատշաճ պայմաններում. աշխատասենյակի օդորակիչը չի աշխատում, իսկ 15 աշխատակցի համար նախատեսված աշխատասենյակում աշխատում է 15-ից ավելի մարդ: «Ժողովուրդ»-ը փորձեց ընկերության տնօրեն Ալիկ Զաքարյանից պարզել, թե ինչու օդորակիչը չի աշխատում եւ այս ուղղությամբ ընկերության տնօրինությունն ինչ քայլեր է ձեռնարկում: Վերջինս խոստացավ, որ օդորակիչը շուտով կաշխատի` պարզաբանելով, որ այն ունեցել է տեխնիկական խնդիրներ, որոնք օրերս կլուծվեն: Համոզվելու համար՝ արդյոք տնօրենի խոստումը կատարվել է, «Ժողովուրդ»-ի թղթակիցն այցելեց ընկերություն եւ պարզեց, որ օդորակիչն իրոք աշխատում է:
Սակայն մեր այցելությունից հետո պարզվում է, ընկերության տնօրենը «հաշվեհարդար է տեսել» ընկերության աշխատակիցների հետ. նա ազատել է 6 հոգու: Վերջիններիս հավաստմամբ՝ տնօրենն իր այդ որոշումը պատճառաբանել է աշխատակիցների կողմից «լրագրողին խաբար տալու» անընդունելիությամբ:
Տեղեկանալով այդ մասին` «Ժողովուրդ»-ը կրկին անգամ զրուցեց ընկերության տնօրեն Ալիկ Զաքարյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչու է տնօրենը լրագրողի` ընկերություն կատարած այցից հետո հաշվեհարդար տեսել իր աշխատակիցների հետ: «Դա հաշվեհարդար չէ, ընդամենը 5-6 մարդ է աշխատանքից հեռացել: Խոսքը նրանց մասին է, ովքեր աշխատանքային ժամից շուտ են դուրս եկել աշխատավայրից: Վեց հոգու հրամանը եղել է մինչեւ ձեր զանգելն ու գալը, որովհետեւ նախօրեին նրանք ժամանակից շուտ էին գնացել աշխատավայրից՝ առանց տնօրենի իմացության: Իսկ մինչ այդ, իրենց հետ խոսել, զրուցել, պարզել ենք, ու այդ ամենից հետո նորից նրանք ժամանակից շուտ ինքնակամ հեռացել են աշխատանքից՝ այն դեպքում, երբ ես տարածքում եմ եղել ու կարող էին ինձ զգուշացնել, թույլտվություն վերցնել ու գնալ»:
«Ժողովուրդ»-ի հորդորին` հնարավո՞ր չէր ներել աշխատակիցներին եւ աշխատանքից չազատել, տնօրենը պատասխանեց. «Դա շատ բարդ է: Երբ մենք այդ վեց մարդուն ազատեցինք, նրանց ծանոթները, ովքեր պաշտոնյաներ են, այնքան խնդրեցին, որ ասացի՝ լավ, թող գան ու դիմում գրեն գնան, թե չէ պետք է հեռացնեի նրանց: Բայց այս պայմաններում մենք իրենց համար ամեն ինչ անում ենք, որպեսզի աշխատանք ունենան, իսկ իրենք աշխատանքի կեսից թողնում գնում են՝ առանց տեղյակ պահելու տնօրենին: Այսինքն՝ ուզում են դրանով ցույց տալ, թե իրենք որտեղ ինչ ուզեն կանեն»:
Եթե աշխատանքային ռեժիմով սահմանված ժամից շուտ առանց տեղյակ պահելու, հարգելի կամ անգամ անհարգելի պատճառով աշխատակիցը լքում է աշխատավայրը ի՞նչ տույժ ու տուգանք է հասնում նրան, կամ արդյոք աշխատանքային օրենսգիրքը հնարավորություն տալի՞ս է տվյալ կազմակերպության ղեկավարին նման պատճառաբանությամբ աշխատակցին ազատել աշխատանքից: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա»-ի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ, ով պարզաբանեց. «Եթե աշխատանքից ազատվածները դիմում են գրել աշխատանքից դուրս գալու հետ կապված, ապա տնօրենը դա որպես փաստարկ կբերի ու կասի՝ դե թող չգրեին, իրենք են ինքնակամ գրել: Բայց եթե մեկ օրում մի քանի հոգի են աշխատանքից ազատման դիմում գրում, դա արդեն կասկածելի է: Սա արդեն հիմք է, որպեսզի աշխատանքի պետական տեսչությունը ստուգումներ իրականացնի եւ ուսումնասիրություններ կատարի տվյալ ընկերությունում: Բայց աշխատանքի վերականգնման համար դժվար եմ պատկերացնում, որ աշխատանքի պետական տեսչությունը դրական կլուծի, որովհետեւ նրանք չպետք է դիմում գրեին»:
Իրավապաշտպանի համոզմամբ՝ աշխատանքային ոչ պատշաճ պայմանների մասին ահազանգելու համար աշխատանքից ազատվածները հանգիստ կարող են բողոք ներկայացնել: «Հիմա պետք է ապացուցվի, որ իրենց ստիպել են դիմում գրել: Աշխատանքային օրենսգրքում կա այսպիսի մի նրբություն. գործատուն կորցրել է վստահությունը աշխատողի նկատմամբ, բայց այդ վստահությունը պետք է պայմանավորված լինի, այսինքն՝ կատարվել է այնպիսի գործունեություն կամ գործողություն, որը գործատուի՝ տվյալ դեպքում բիզնես շահերը ոտնահարում է եւ այլն: Բայց դե դա քննարկման հարց է»,- լրացրեց Սաքունցը:
Ամեն դեպքում` ուզում ենք հավատալ, որ տնօրինության կողմից ընկերության վեց աշխատակիցներին հեռացնելը պայմանավորված չէր մեր այցելությամբ, նաեւ` հույս ունենք, որ հնարավոր կլինի այս խնդիրը լուծել` աշխատակիցներին եւս մեկ հնարավորություն տալով եւ վերականգնելով աշխատանքի: Սակայն եթե ընկերության տնօրինությունը նրանց աշխատանքից ազատել է ապօրինաբար` պարզապես իրենց իրավունքների պաշտպանության նպատակով լրագրողին ահազանգելու, այդ դեպքում, կարծում ենք՝ աշխատակիցները պետք է հետամուտ լինեն իրենց իրավունքների` ընդհուպ մինչեւ դատական կարգով վերականգնմանը:

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉՈՎ ՉԻ ՕԳՆԵԼ ԳՅՈՒՂԻՆ

ՀՀ Արագածոտնի մարզի 500 բնակիչ ունեցող Նոր Ամանոս գյուղում այս տարվա աշնանը համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու: Սակայն ներկայիս համայնքի ղեկավար Սարգիս Ալեքսանյանը դեռ չի կողմնորոշվել առաջադրելու է իր թեկնածությունը, թե ոչ:

-Դե, տեսնենք՝ ոնց կլինի:
-Գյուղից արտագնա աշխատանքի մեկնողներ շա՞տ կան:
-60-ից ավելի մարդ է մեկնում: Նրանց մեծ մասը երիտասարդներն են: Դե, աշխատանք չկա, դաշտում էլ ի՞նչ փող աշխատեն, դրա համար էլ գնում են:
-Իսկ մյուս գյուղացիները եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:
-Անասնապահությամբ են զբաղվում:
-Պարոն Ալեքսանյան, այս տարի խոտի մի տուկն արժե 1300 դրամ: Ի՞նչ միջոցներով են ձեռք բերելու գյուղացիները:
-Ճիշտ է, թանկ է, բայց ինչ արած: Մենք արոտի դաշտեր ունենք, բայց այս տարի չկարողացանք խոտ հավաքել, քանի որ ջուր չկար: Դրա համար էլ ստիպված պետք է այդ թանկ գնով անասնակեր ձեռք բերենք: Եթե դա չկարողանանք գնել, ուրեմն պետք է անասունները վաճառենք էժան գնով: Կամ էլ՝ պետք է բոլորս գնանք Ռուսաստանի Դաշնություն:
-Բացի անասնապահությունից եկամտի ի՞նչ աղբյուր ունեն մարդիկ:
-Արտագնա աշխատանքը, եկամտի այլ աղբյուր չկա: Անասունի կաթն ենք վաճառում, որն էլ սեզոնային է:
-Գյուղի դպրոցը քանի՞ աշակերտ ունի:
-Յոթանասուն:
-Այս տարի առաջին դասարանցի ունենալո՞ւ եք:
-Կունենանք: Ութն են:
-Ձեզ մոտ աշնանը համայնքի ղեկավարի ընտրություններ են լինելու: Առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:
-Ես դեռ չեմ կողմնորոշվել: Մտածում եմ:
-Պարոն Ալեքսանյան, Դուք Հանրապետական կուսակցության անդամ եք:
-Այո, երկար տարիներ է, ինչ ՀՀԿ-ական եմ:
-Կուսակցությունը Ձեր գյուղին այս ընթացքում ինչո՞վ է օգնել:
-Ոչ մի բանով չի օգնել:
-Իսկ դիմե՞լ եք երբեւէ:
-Դե, կուսակցությունը ում է օգնում, որ ինձ օգնի: Ոչ մի մարդու էլ չի օգնում:
-Իսկ մարզպետը՝ Սարգիս Սահակյանը, նույնպե՞ս չի օգնում:
-Նա ինչով որ կարողանում է՝ օգնում է: Բայց հարցեր կան, որ իր ուժերից էլ վեր է:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

ԼՈՒՐԵՐ

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՊՐՈՂ ՍԴ ԱՆԴԱՄՆԵՐԸ

«Ժողովուրդ»-ը ներկայացնում է ՍԴ մի քանի անդամների հայտարարագրերը: Դրանցից տեղեկանում ենք, որ ՍԴ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանը 2013-ին 9 միլիոն 600 հազար դրամով կարողացել է ձեռք բերել «KIA SPORTAGE 2.0» մակնիշի ավտոմեքենա: Այդ տարում նրա դրամական միջոցները կազմել են 20 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում կարողացել է 15,3 միլիոն դրամի եկամուտ ունենալ, որից 13,5 միլիոնը գոյացել է աշխատավարձից, իսկ 1,6 միլիոնն էլ ձեւակերպված է որպես «այլ եկամուտներ»: ՍԴ մեկ այլ անդամ՝ Հրանտ Նազարյանը, իր ունեցվածքով էականորեն զիջում է գործընկերոջը. նա դրամական միջոց, գույք, արժեթուղթ չունի: Բայց դրա փոխարեն կարողացել է մեկ տարում 9 միլիոն 902 հազար դրամի եկամուտ ունենալ, այն էլ` միայն իր տարեկան աշխատավարձի շնորհիվ: Արեւիկ Պետրոսյանը, 2013թ. հայտարարագրի համաձայն, 90 հազար դոլարի չափով փոխառություն է հանձնել: Նրա դրամական միջոցները 2013թ. կազմել են 500 հազար դրամ եւ 90 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում վաստակել է 25,7 միլիոն դրամ, որից 18 միլիոն դրամը ոչ ավել, ոչ պակաս, ստացվել է նվիրատվությունից: Հավելենք, որ 2014թ. հունիսի 9-ին ՍԴ անդամ նշանակված Արայիկ Թունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դեռեւս հայտարարագիր չի ներկայացրել:

ՀՈԳՈՒ ԽՈՐՔՈՒՄ ՈՒՆԻ

Իշխանությունը քառյակին չի խոստացել, որ 12 կետերն անպայման իրականացնելու է, ինքն ավելի շատ կետեր ունի իր առջեւ դրած. «Ա1+»-ին ասել է Աժ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱՇՈՏՅԱՆԻՆ ՉԿԱՐՈՏԵՔ

ԿԳ նախարար Արմեն Աշոտանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվանից ես կարճատեւ, բայց վաստակած հանգստի եմ գնում: Տեղեկատվական հասարակության չգրված օրենքներով արձակուրդը տարածվում է նաեւ Ֆեյսբուքի վրա: Շատ չկարոտեք»:

 




Լրահոս