«ԵՍ ԴԵՄ ԵՄ ՎԱՏՈՐԱԿ ՍԵՐԻԱԼՆԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ մի քանի ամիս է, ինչ չենք տեսնում  ոչ մի սերիալում կամ  նախագծում: Ի՞նչ է պատահել, ո՞ւր է դերասանուհին, ո՞րն է նրա  լռության  պատճառը:
-Ես թայմ աութ եմ վերցրել: Ինքս իմ կամքով ոչ մի սերիալի առաջարկ չեմ ընդունում: Ուզում եմ հեռուստաէկրանին ժամանակավոր չերեւալ: Մոտ 5 տարի անընդհատ երեւացել եմ, բայց յուրաքանչյուր արտիստ պետք է այնպես անի, որ իրեն կարոտեն, որ իր դերասանական գույների ներկապնակը լցվի, ինքն էլ չիջնի նշաձողից: Իսկ ես իմ ձեռքով ինձ մի նշաձող եմ սահմանել, որ իջնել չեմ ուզում: Փոխարենը հիմա թատրոնում եմ շատ ակտիվ:
-Տարիներ շարունակ սերիալներում նկարահանվելու ընթացքում մտավախություն չկա՞ր, որ Ձեզ կկպչի սերիալային դերասանուհու պիտակը:
-Հենց այդ մտավախության պատճառով էլ ես հիմա չեմ երեւում: Եթե հիմա ներկայանամ իմ հեռուստադիտողին, պետք է ներկայանամ ասելիքով, կոնկրետ դերասանական աշխատանքով: Ոչ թե երեւամ երեւալու համար, որ այդ կարծրատիպն էլ ամրագրեմ ինձ համար: Որ չասեն, դե դերասանուհի է էլի:
Թատրոնն, անշուշտ, տարբերվում է հեռուստատեսությունից, այնտեղ ես` որպես դերասանուհի, այլ կերպ եմ դրսեւորվում, բայց չեմ զատում թատրոնն ու սերիալը: Դերասանի համար դա նույն աշխատանքն է: Չնայած հեռուստատեսությունը կոմերցիոն իմաստով անհամեմատելի է թատրոնի հետ, նաեւ` դերասանի աշխատավարձի առումով: Դա նույնպես կարեւոր է: Իսկ հեռուստասերիալներից ես ստանում եմ բավականին նորմալ գումար: Ուղղակի չպիտի գայթակղվես գումարով, պետք է իմանաս արածիդ նպատակը:
-Դերասաններից մեկը նշեց, որ սերիալը կոնվեյերի պես մի բան է, որտեղ արագության վրա են աշխատում:
-Դա իրականությանը շատ մոտ է, բայց դա դերասանի մեղքը չէ, ինդուստրիայի մեխանիզմն է: Սերիալն օնլայն ռեժիմով աշխատող պրոդուկտ է: Այսօր գրվում է սցենար, վաղը նկարահանվում կամ այսօր գրվում է, այսօր էլ նկարահանվում: Կա եթերին հասցնելու նպատակ: Դերասանն ինչ էլ ուզենա անի, չի կարող ստեղծագործական պրոցես ապահովել, կերպար հասունացնել: Պատճառը մեկն է` ժամանակ: Չնայած լավ արտիստները կարողանում են վարպետության շնորհիվ ինչ-որ բան պահել:
-Դերասաններից շատերն այսօր թողնում են թատրոնն ու ընտրում սերիալը միայն բարձր վարձատրության համար:
-Ես երբեք նման բան չեմ անի: Ես դա համարում եմ մարմնավաճառություն, եթե միայն գումարի համար են գնում: Չի կարելի: Ես այսօր այն բախտավոր դերասանուհիներից եմ, որ թե՛ թատրոնում, թե՛ սերիալում սիրով եմ անում իմ աշխատանքն ու ստիպում, որ գնահատեն: Բայց միայն գումարի համար չի կարելի, իսկ եթե գնում են, գոնե չպետք է ասեն:
-Դե դժգոհում են, որ կինո լիներ, այնտեղ կնկարվեին, ոչ թե սերիալում:
-Ես չեմ կիսում այդ բողոքը, քանի որ դերասանը պետք է նկարահանվի թե՛ սերիալում, թե՛ գեղֆիլմում, թե՛ խաղա թատրոնում: Քանի որ հենց դա է դերասանի աշխատանքը: Այլ խնդիր է, երբ հեռուստասերիալներում զբաղված են սիրողներ, պատահական, փողոցից վերցված, գործի հետ բոլորովին կապ չունեցեղ մարդիկ: Իսկ հեռուստալսարանը մարդի՞կ չեն, նրանց համար պե՞տք չէ աշխատել: Ես սիրում եմ սերիալները, դա մի արտադրանք է, որ այսօր ունի իր լսարանը: Հենց պրոֆեսիոնալները պետք է ներգրավված լինեն, այլ ոչ պատահական մարդիկ: Դերասանը մեղք չունի, որ պահանջարկը սերիալային է, որ կինոինդուստրիան այնքան էլ զարգացած չէ:
-Ոչ պրոֆեսիոնալների ներկայությունից չե՞ք նեղվում, չե՞ք վիրավորվում:
-Ցավոտ բան եք ասում, բայց դա փաստ է: Դա էլ ունի իր պատճառները: Այսօր ցանկացած ռեժիսոր, պրոդյուսեր ուզում է իր նախագծում լավերին տեսնել, բայց դա միշտ չէ, որ ստացվում է: Դրա համար էլ լավ բյուջե է հարկավոր:
-Ի՞նչ կետեր եք պարտադիր նշում Ձեր պայմանագրի մեջ:
-Ներքին խոհանոցային խնդիրներ են` կապված աշխատանքային ժամերի, երկկողմանի հարգանքի հետ: Ճիշտ չէ գործի կեսից լքել աշխատանքը, դա թիմային գործ է: Շատ հարցեր կան, որ պետք է աչք փակես, վերջիվերջո, սերիալարտադրության ոլորտում մենք 5 տարեկան ենք:  
-Ձեր գնահատմամբ` այդ տարիների ընթացքում որեւէ հաջողություն գրանցե՞լ ենք:
-Անշուշտ: «Վերադարձ»-ն ինձ համար մեծ քայլ էր, քանի որ անդրադարձ կատարվեց  ղարաբաղյան պատերազմին: Հիմա նույն կրկնությունը տեսնում ենք «Գեներալի աղջիկը» սերիալում, ինչը ողջունելի է: Սերիալում չեն կարող չլինել բացթողումներ, անկումներ, դա երկարատեւ պրոյեկտ է, անհնարին է խուսափել վայրէջքներից: Ես դեմ եմ վատորակ սերիալներին, որ վատ ճաշակ են թելադրում, ուր հնչում է գռեհիկ խոսք, էժանագին մարմաջանք, նպատակ չկա, կրիմինալ, հիմար պատմություններ են ներկայացնում: Սցենարը շատ կարեւոր է: Ֆելինիին հարցրել են` ի՞նչ է պետք լավ ֆիլմ նկարելու համար: Նա պատասխանել է. «3 բան` սցենար, սցենար, սցենար: Տվե՛ք ինձ լավ սցենար, եւ ես շուռ կտամ կինոինդուստրիան»:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս